«Սա ավելի վաղ պետք է արվեր». Ռուբեն Սաֆրաստյան
Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը վաղուց էր հասունացել, քանի որ թուրքական կողմը Հայաստանի հետ միջպետական հարաբերությունները կարգավորելու որևէ մտադրություն չունի: Անդրադառնալով Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկելու վերաբերյալ հայտարարությանը, նշեց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Սա ավելի վաղ պետք է արվեր, քանի որ թուրքական կողմը որևէ մտադրություն չունի Հայաստանի հետ միջպետական հարաբերությունները կարգավորել: Ես այլ զարգացում չեմ տեսնում, որովհետև Թուրքիայի գործողությունների փոփոխության նախանշան չեմ տեսնում: Քանի դեռ այս վիճակն է, կարծում եմ, որ արձանագրությունները պետք է չեղյալ համարվեն», -նշեց արևելագետը:
Սաֆրաստյանը 2017 թվականը ավելի անվտանգ տարի է համարում, քանի որ որոշ չափով դադարեցվել են Սիրիայում ռազմական գործողությունները:
«Սիրիական ճգնաժամը որոշ չափով կարգավորվել է, քանի որ ռազմական գործողություններից տեղափոխվել է դիվանագիտական, բանակցային գործընթաց: Սա համաշխարհային առումով կարևոր էր, քանի որ ավելացրեց անվտանգության մակարդակը»,- նշեց Սաֆրաստյանը: