«Վիզայի ազատականացումը պետք է ցույց տա միջազգային հանրությանը Հայաստանի և հայ միգրանտների վիճակը»
Հայաստանի և հայ միգրանտների իրավիճակի վերաբերյալ իմացությունը վստահություն է ձևավորում Հայաստանի միգրացիոն համակարգի նկատմամբ։ Վիզայի ազատականացումը պետք է ցույց տա միջազգային հանրությանը Հայաստանի և հայ միգրանտների վիճակը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի (ՄԻԲՄԱ) ղեկավար Կարել Հոֆստրան։
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ և ԵՄ միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։
Բացի քաղաքականությունը սահմանող փաստաթղթերի մշակումից՝ ՄԻԲՄԱ ծրագիրն իր աջակցությունն է բերել ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման համար։
Համակարգի ներդրման շնորհիվ պետք է ապահովվի անձի վերաբերյալ ռեադմիսիոն հայցի և դրա վերաբերյալ պատասխանի փոխանցման ավարտական գործընթացի իրականացումը էլեկտրոնային համակարգի միջոցով։
Այս համակարգի ներդնումը կարևոր նախադրյալ է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։
«Վիզայի ազատականացման ուղղությամբ շարժվելիս չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը շատ պարզ տեսնի, թե ինչպիսին է միգրացիոն իրավիճակը Հայաստանում, և ինչ վիճակում են հայ միգրանտները արտերկրում։ Դա ձևավորում է վստահություն Հայաստանի միգրացիոն համակարգի նկատմամբ»,- ասաց ծրագրի ղեկավարը։
ՄԻԲՄԱ ծրագիրը սկսել է գործել 2016 թվականի ապրիլից։