Բաժիններ՝

2017 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին Սևան է այցելել 83 հազար 44 զբոսաշրջիկ

Սեւան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակի տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սեւան քաղաք են այցելել 83 հազար 44 արտասահմանցի զբոսաշրջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը՝ Սեւան ժամանած զբոսաշրջիկները ներկայացնում են աշխարհի ամենատարբեր երկրները, որոնց մեջ առաջատար դերը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ 16 հազար 156 զբոսաշրջիկ: 12027 զբոսաշրջիկ ժամանել են եվրոպական երկրներից, 8512-ը՝ այլ պետություններից: «Մեր տեղեկատվական գրասենյակի կողմից զբոսաշրջիկներին տրամադրվել է ծավալուն ու բազմաբնույթ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի գրավչությունների, պատմության ու բնության հուշարձանների, Սեւան քաղաքի եւ հարակից գյուղերի, Սեւանա լճի շրջակայքում գործող հյուրանոցների, քոթեջների, տնակային տնտեսությունների, ռեստորանների, արագ սնման կետերի եւ այլ հետաքրքրությունների վերաբերյալ:

Տուրօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար իրենց իսկ ցանկության դեպքում կազմվել է տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզ, որով եւ նրանք շարունակել են իրենց շրջագայությունը դեպի Հայաստանի այլ մարզեր: Զբոսաշրջիկներին անվճար կարգով տրամադրվել են քարտեզներ, բուկլետներ, զբոսաշրջային ուղեցույցներ մի քանի լեզուներով: Գրասենյակը բաժանել է նաեւ հյուրանոցների կամ ռեստորանների այցեքարտեր եւ բրոշյուրներ: Գրասենյակի միջոցով ամրագրվել են ջրային տրանսպորտային միջոցներ, իսկ մեր պատասխանատուն տեղում կատարել է նաեւ գիդի գործառույթ անվճար հիմունքներով»,- նշեց Դավիթ Թորոսյանը:

Գրասենյակի պատասխանատուն օտարերկրյա զբոսաշրջիկների առաջարկությունների եւ խորհուրդների հիման վրա բարձրացնում է մի շարք կարեւոր խնդիրներ, որոնց կարգավորման դեպքում Սեւանի ավազանում ավելի կծավալվի ու կզարգանա զբոսաշրջությունը: «Մեր գրասենյակը տեղեկատվություն է տրամադրել ավելի քան 7000 զբոսաշրջիկի, եւ նրանց հետ կապի շնորհիվ շուրջ 800 անգամ ստացվել եւ հավաքագրվել է առաջարկությունների եւ խորհուրդների հետեւյալ ցանկը` տեղեկատվական գրասենյակի մասին ինֆորմացիոն ցուցափեղկերի տեղադրում անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով, պարսկերենով, այլ լեզուներով. անվճար WI-FI ծառայության տրամադրում գրասենյակի կողմից, որը նաեւ որոշակիորեն կմոտիվացնի զբոսաշրջիկներին եւ խթան կհանդիսանա, որպեսզի գրասենյակի մասին ինֆորմացիան շրջանառվի ավելի շատ եւ փոխանցվի բերնեբերան տարբերակով կամ, ինչպես ֆրանիսացիների մեծ մասն է առաջարկում, կարելի է դնել WI-FI կոդ եւ այն ճշտել գրասենյակից. բանկի կամ բանկոմատի, տրանսպորտային միջոցների համար վառելիքի լիցքավորման կետերի ավելացում. Հայաստանի Հանրապետության, այլ մարզերի եւ քաղաքների քարտեզների պատրաստում տարբեր լեզուներով. պատմական հուշարձանների մասին պատշաճ եւ ամբողջական տեղեկատվական բուկլետների ստեղծում. Սեւանից այլ վայրեր երթուղային ավտոբուսով կամ միկրոավտոբուսով հասնելու հնարավորության ստեղծում. մեքենաների, հեծանիվների եւ վրանների վարձակալության հնարավորություն. Ճանապարհների անբարեկարգ վիճակի վերացում. ԱՊՊԱ գործակալների եւ ճանապարհային ոստիկանության, սպասարկման ոլորտի աշխատակիցների մոտ անգլերեն լեզվի իմացության բավարար մակարդակի ապահովում»,- հավաստեց Դավիթ Թորոսյանը:

Սեւանից հետո զբոսաշրջիկները շարունակել են իրենց երթը հիմնականում դեպի Դիլիջան (Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ), Վանաձոր, Ալավերդի (Դեբեդի կիրճ), Վրաստան, Ծաղկաձոր, Նորատուս-Հայրավանք կամ հետդարձ դեպի Երեւան ուղղություններով:
«Մի քանի տարի առաջ սկիզբ առավ մի բացասական նախադեպ, որը շարունակվում է մինչ օրս, այն է` զբոսաշրջիկները երկար ժամանակով չեն այցելում եւ մնում Սեւանում, այլ այն ավելի հաճախ օգտագործում են որպես տարանցիկ զբոսաշրջային խաչմերուկ, որտեղ եւ լավագույն դեպքում գիշերակացերը չեն գերազանցում միջինը 1-2 օրը, այնինչ նախկինում դրանց միջին տեւողությունը 4-5 օր էր»,-  եզրափակեց Սեւանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատուն:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս