Կատալոնիայի անկախության կողմնակիցներին՝ խուսափել առճակատումից
Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորը հանդես է եկել ազգին հղված Սուրբծննդյան ուղերձով, որում կոչ է արել Կատալոնիայի անկախության կողմնակիցներին՝ ընթանալ բնականոն գոյակցության ճանապարհով եւ խուսափել առճակատումից, տեղեկացնում է BBC-ը:
Իր ուղերձում նա դարձյալ խոսել է Իսպանիայի միասնության մասին, սակայն, ինչպես նշում է BBC-ի թղթակից Քեւին Քոննոլին, նրա ուղերձի տոնը նկատելիորեն ավելի զգուշավոր էր ու հաշտվողական, քան ավելի վաղ:
«Կատալոնիայի խորհրդարանը պետք է լուծի խնդիրներ, որոնք վերաբերում են բոլոր կատալոնցիներին՝ հարգելով բազմազանությունը եւ պատասխանատու կերպով մտածելով ամբողջ հասարակության բարօրության մասին: Այդ ուղին չի կարող վերստին բերել առճակատման, որն, ինչպես մենք արդեն գիտենք, ոչ մի այլ բան չի բերում, բացի երկպառակությունից, անորոշությունից ու հիասթափությունից»,- հայտարարել է թագավորն իր ուղերձում:
Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցությունները, դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում 70 տեղ են ստացել 135 տեղանոց օրենսդիր մարմնում:
«Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունից թեկնածուների ցուցակում, որն ստանում է 34 պատգամավորական մանդատ, առաջին համարը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն է: Նա հանգրվանել է Բելգիայում, քանի որ Իսպանիայում արդեն նրա ձերբակալման օրդեր է տրված:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը տարածաշրջանային ընրություններում անկախության կողմնակիցների հաջողությունից հետո Իսպանիայի իշխանություններից պահանջել Է չեղարկել Մադրիդի ուղղակի կառավարումը Կատալոնիայում:
Նա նաեւ ընդգծել է Կատալոնիայի «օրինական կառավարության» վերադառնալու անհրաժեշտությունը: