«Այս տարի գրիպից մահվան դեպքեր չեն գրանցվել». Արա Ասոյան
«Տարվա ամեն ամիսն իրեն բնորոշ հիվանդություն ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Նրա խոսքով՝ այս տարի ձմռան եղանակն ավելի մեղմ է, բայց մենք էլի ունենք այն սուր վիրուսային հիվանդությունները, որոնք միշտ են լինում. «Բայց եթե համեմատենք նախորդ տարվա հետ, իրոք պատկերը մի 2-3 անգամ ավելի քիչ է: Խոսքս վերաբերում է սուր վիրուսային հիվանդություններին, գրիպին. նաև ջրծաղիկ ունենք ու բավական քանակով: Որևէ մեկը եթե թվեր ներկայացնի էլ, դուք չհավատաք, որովհետև որևէ մեկը չի կարող ձեզ հստակ թիվ ասել: Թվերն իրականությունից հեռու են միշտ լինում: Մենք ունենք միջին համեմատականը, որը ես՝ որպես մասնագետ, տեսնում եմ, որ նախորդ տարվա համեմատ՝ պակաս են»:
Դիտարկմանը, թե մանկապարտեզներում սննդային թունավորումների դեպքեր այս տարի կարծես չկան՝ Ա. Ասոյանն այսպես պատասխանեց. «Շատ խիստ վերահսկողություն է գնում: Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ իմ մասնագիտական կենսագրության ամենածանր տարին 2015 թվականն էր: Բավական խստացված է հիմա հսկողությունն այն սննդամթերքի վրա, որոնք տրվում են դպրոցներին, մանկապարտեզներին: Մենք գոնե այս տարի նման դեպքեր չենք ունեցել»:
Ա. Ասոյանի խոսքով՝ Հայաստան գրիպը միշտ գալիս է Ռուսաստանից. «Հենց դուք լսում եք, որ Ռուսաստանում գրիպի համաճարակ է գրանցվում, ընդամենը 2 կամ 3 շաբաթ հետո նույնը կրկնվում է Հայաստանում, որովհետև մեզ մոտ ամենամեծ շփումը Ռուսաստանի հետ է: Միշտ մարզերում սուր շնչառական հիվանդություններն ավելի քիչ են լինում, որովհետև այդ հիվանդություններն ավելի շատ լինում են ավելի խիտ բնակեցված քաղաքներում, մեգապոլիսներում»:
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը նկատեց, որ նախորդ տարիներին գրիպից մահվան դեպքեր էին գրանցվում, բայց այս տարի չեն գրանցվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: