«Ընդդիմությունն ունի լծակներ, բայց դրանք «Ելքի» ձեռքում չեն». Արմեն Աշոտյան
«Խորհրդարանում երեկ մթնոլորտը հագեցած էր, այն ամբողջությամբ ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության երեկվա գործողություններին:
Աշոտյանն ընդգծեց, որ լիարժեք խորհրդարանական մշակույթ կայացնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու. «Առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիրներն օգտվում են իրենց իրավունքներից, բայց առաջին դեպքն է, որ դա տեղի է ունենում 11 անգամ, բայց Ամանորի նախաշեմին բոլորի նյարդերը պարտվեցին, լարվածությունն իջավ, և մենք պարզապես պետք է հասկանանք, որ իրար ավելի լավ պետք է լսենք»։
ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ խորհրդարանական հանրապետություն՝ չի նշանակում՝ ընդդիմության կողմից խաղի կանոնների բացարձակ թելադրանք. «Խորհրդարանական հանրապետություն՝ նշանակում է՝ ընդդիմության համար բավարար գործիքակազմի ստեղծում, որպեսզի խնդիրները, որոնք արծածրվում են խորհրդարանում, ընդդիմության կողմից լինեն վերահսկելի, և որոշումների կայացման վրա ընդդիմությունն ունենա բավարար ազդեցություն»։
Աշոտյանը նկատեց՝ ՀՀ խորհրդարանում կա երկու ընդդիմադիր ֆրակցիա: ««Ելքի» կողմից որոշակի դժգոհությունների գոյությունը կապված չէ նրա հետ, որ ընդդիմությունը չունի բավարար լծակներ, խնդիրն այն է, որ ընդդիմությունն ունի լծակներ, բայց դրանք «Ելքի» ձեռքում չեն»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Նա շեշտեց՝ իշխանության մեղքը չէ, որ ընդդիմությունում կա առողջ մրցակցություն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում