Հայտարարվել է տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող ֆիլմը
2017 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող ժապավենը դարձել է ռեժիսոր Ջորդան Փիլի «Հեռո՛ւ ինձանից» հորրորը ռասիզմի մասին: Այդ մասին վկայում են Rotten Tomatoes կինոռեսուրսից ստացված տվյալները։
Սարսափ ֆիլմը 99 տոկոս դրական արձագանքներ է ստացել գրեթե 300 կինոքննադատներից: Հանդիսականները նույնպես բարձր գնահատական են տվել կինոնկարին՝ 87 տոկոս: «Հեռո՛ւ ինձանից»-ը պատմում է սեւամորթ լուսանկարչի եւ նրա սպիտակամորթ ընկերուհու հարուստ ծնողների ծանոթության մասին:
Այցը վերածվում է գոյատեւման պայքարի, երբ պարզվում է, որ «բարձր հասարակության» ներկայացուցիչները մոլի ռասիստներ են: Մայքլ Շոուոլթերի «Սերը հիվանդություն է» մելոդրաման երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 242 կինոքննադատներից ստանալով 98 տոկոս եւ հանդիսատեսներից՝ 89 տոկոս:
Ֆիլմը նվիրված է պակիստանցու (Կումեյլ Նանջիան) եւ ամերիկուհու (Զոյի Քազան) ռոմանտիկական հարաբերություններին: Երրորդ հորիզոնականում Քրիստոֆեր Նոլանի «Դյունքերք» ռազմական մարտաֆիլմն Է (92 եւ 82 տոկոս ձայներով): Թոփ-10-ում նաեւ տեղ են գտել «Հրաշք կինը», «Լեդի Բերդը», «Լոգան», «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները», «Դրայվով փոքրիկը», «Կոկոյի գաղտնիքը» եւ «Տոր. Ռագնարեկ» կինոնկարները: