Բաժիններ՝

«Փոխանակ մարզի հարցերը լուծենք, Երևանն էլ հասցնում ենք մարզերի խնդրի մակարդակի. դա անընդունելի է». Գևորգ Կոստանյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ Երևանում վարչական շրջանների դատարանների փոխարեն՝ կգործի մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դա արվում է, որպեսզի նվազեցնեն դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ապահովելով, որ դատավարությունը ողջամիտ ժամկետներում ավարտվի:

ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Օրինակ, Նոր Նորքի վարչական շրջանում կատարաված խուլիգանության գործը կարող է Նոր Նորքի դատավորի ծանրաբեռնվածության պատճառով մակագրվել, օրինակ, Աջափնյակի դատավորին: Արդյոք դա չի՞ նշանակում, որ դատավարության մասնակիցները, որոնք կարող են լինել 30-40 վկաներ, տուժողներ և այլն, որոնք Նոր Նորքի բնակիչ են, պետք է գնան անընդհատ Աջափնյակ՝ այդ գործի քննությանը մասնակցելու համար: Գիտենք, որ յուրաքանչյուր վկայի չներկայանալու պարագայում գործերը հետաձգվում են: Արդյոք մենք չե՞նք խոսում այն մասին, որ իրականում հակառակ էֆեկտն է լինելու, և ողջամիտ ժամկետը չենք ապահովելու»:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ քրեական գործերի մասով իրենք կարգավորում են դրել, որ գործերը քննվեն այն վարչական շրջանի դատարանի նստավայրում, որտեղի դատախազության համապատասխան ստորաբաժանումից բերել են տվյալ քրեական գործը. «Ինչ վերաբերում է Նոր Նորքից Աջափնյակ հասնելուն, չեմ կարծում՝ այդտեղ խնդիր կա, մեր քաղաքն էլ այդքան մեծ չէ, որ մենք դա որպես խնդիր դիտենք: Մարդու համար ավելի ձեռնտու է, որ իր գործն ավելի շուտ քննվի, քան, որ ինքը Նոր Նորքից չհասնի Աջափնյակ»:

«Փոխանակ մարզի հարցերը լուծենք, Երևանն էլ հասցնում ենք մարզերի խնդրի մակարդակի: Դա անընդունելի է»,- արձագանքեց Գ. Կոստանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս