«Ստացվում է` մենք գործ ունենք երիտասարդների մի խմբի հետ, որ փորձում են շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել». Արտակ Զաքարյան

«Վերջին հանդիպումը պաշտպանության նախարարի մոտ է եղել, և եղել է հստակ պայմանավորվածություն: Երիտասարդներին, կարծում եմ, նաև տրվել է շատ կարևոր հարց և հնարավորություն` ներկայացնել առաջարկություններ, որին մենք սպասում ենք:

Օրեր առաջ ես ինքս կապվել եմ երիտասարդներից մեկի հետ և խնդրել, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկություններ, համաձայն որոնց՝ հնարավորություն կլինի կառավարության որոշմամբ հստակ սահմանել գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումներ և ընդգծված տաղանդ ունեցող երիտասարդներին տարկետման իրավունք տալը:

Հիմա իմ համար, անկեղծ ասեմ, տարօրինակ է, որ այդ հնարավորությունները, ինչի համար երիտասարդները շատ երկար պայքարել են, այդ հնարավորությունները հիմա չեն ցանկանում կիրառել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը` նշելով, որ դեռևս ծանոթ չէ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հայտարարությանը և ՊՆ-ին ուղղված մեղադրանքներին:

Ըստ նրա` ուսանողները 2 առաջարկ էին ներկայացրել, որոնոցից մեկը խաթարում է բանակը և կրթությունը, և դա ուսանողներին հստակ ու առողջ բացատրվել է, ու հասկացել են: Խոսքը և՛ սովորելու, և՛ ծառայելու առաջարկի մասին է, այսինքն` արձակուրդների ժամանակ գնան բանակ, դասերի ժամանակ սովորեն, սակայն, նշեց փոխնախարարը, դա պրակտիկորեն բացասական ներգործություն կունենա և՛ ծառայության, և՛ կրթության պրոցեսի վրա: Մյուս առաջարկը, Ա.Զաքարյանի խոսքով, վերաբերում էր չափորոշիչներին, շատ երկար քննարկվել է: Նա նշեց, որ հացադուլով և բողոքի ակցիաներով խնդիրը չի լուծվելու:

«Մենք, միևնույն է, օրենքով պարտավոր ենք կառավարության որոշմամբ սահմանել բոլոր չափորոշիչները, և մենք դա անելու ենք: Եվ շատ լավ կլիներ, որ երիտասարդները բերեն այն չափորոշիչները, որ իրենք ցանկանում են, և մենք ներառենք դա: Գիտեք, սա մի տեսակ կապրիզի է նմանվում: Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, դա կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է, գործելու է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում:

Մենք ամեն ինչ անելու ենք, անկախ նրանից՝ դասադուլ են անում, թե բողոքում են, որ գիտության մեջ, գիտական նվաճումներով աչքի ընկնող երիտասարդները ծառայեն բոլորովին այլ պայմաններով, ծառայեն գիտությանը, մոտ լինեն գիտությանը, ծառայեն նաև ռազմագիտությանը, ծառայեն նաև ռազմաարդյունաբերական համալիրի ձեռբերումներին, ավելի կիրառելի, ավելի օգտակար լինի նրանց գիտական գործունեությունը, այսինքն` մենք անունն ենք դնում ծառայություն, բայց նրանք շարունակելու են իրենց գիտական գործունեությունը: Այդ պայմանները մենք քննարկում ենք և երիտասարդների հետ էլ ենք քննարկել»,- ասաց Ա.Զաքարյանը:

«Ստացվում է` մենք գործ ունենք երիտասարդների մի խմբի հետ, որ փորձում են շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել: Դա արդար չի, դա ճիշտ չի, որովհետև մենք շատ անկեղծ ու ազնիվ ներկայացրել ենք և իրենցից էլ ակնկալում ենք, իրենք էլ շատ պարկեշտ, անկեղծ երիտասարդներ են, ինչքան քննարկել ենք, կառուցողական և առողջ դատողությամբ մարդկանց հետ ենք գործ ունեցել, և իրենք էլ պետք է փորձեին բերել առաջարկներ, որ կառավարության որոշումները լինեն ընդունելի բոլոր թիրախ խմբերի համար»,- հավելեց Ա.Զաքարյանը:

Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հայտարարությունում ասվում է, որ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և գոնե փոխադարձաբար ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել։

Տեսանյութեր

Լրահոս