«Չենք կարող գոհանալ այն արդյունքերից, որոնց հասել ենք, շատ ավելի շոշափելի արդյունքների կհասնենք». Պյոտր Սվիտալսկի
«Մենք գործընկերներ ենք, պետք ենք միմյանց՝ ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Համագործակցությունը քաղհասարակության հետ առաջնահերթ է ԵՄ-ի համար, և մենք ակնհայտորեն կշարունակենք մեր աշխատանքը նոր համատեքստում»,- «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հարթակ է նաև քաղհասարակության համար:
Նա ընդգծեց, որ քաղհասարակության առաջադրանքը ոչ թե միտված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթների իրականացմանը, այլ շատ ավելի լայն պետք է լինի. «Պետք է կապված լինի իրականացման գործընթացին անմիջական մասնակցության հետ: Այսինքն՝ սա պետք է լինի բավականին ակտիվ դեր: Կան նաև այլ խնդիրներ, որոնք կապված են համաձայնագրի իրականացման հետ, և համոզված եմ, որ քաղհասարակության ներգրավվածությունն ու ձայնն այստեղ չափազանց կարևոր են»:
Դեսպանն ասաց, որ ԵՄ-ն որոշել է 20-25%-ով ավելացնել ֆինանսական աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին. «Եվ այս աջակցության 15%-ն ուղղված է լինելու քաղհասարակության ոլորտի ծրագրերի իրականացմանը և զարգացմանը: Մենք ցանկանում ենք շարունակել այն նոր փիլիսոփայությունը, որը գործադրում ենք քաղհասարակության զարգացման աջակցության շրջանակներում Հայաստանում: Հիմնական բաղադրիչը, առաջին հերթին, ենթադրամաշնորհների հետ աշխատանքն է: Այսինքն՝ մեծ ֆինանսական ծրարները բաժանում ենք փոքր մասերի, որոնք ավելի հեշտ է վերահսկել՝ քաղհասարակության մեր գործընկերների հետ աշխատանքում: Ենթադրամաշնորհների գաղափարախոսությունը մենք հիմա ուսումնասիրում ենք մեր առաջնահերթության ծրագրերում, սա այն փիլիսոփայությունն է, որ մենք շարունակում ենք իրականացնել»:
Դեսպանը կարևորեց նաև քաղհասարակության ակտիվությունը մարզերում. «Գալիք շաբաթների ընթացքում մենք դրամաշնորհ կստորագրենք, որը ենթադրում է քաղաքացիական մասանակցային բյուջետային ծրագրերի իրականացում՝ հեռավոր համայնքներում: Մենք ցանկանում ենք պրակտիկ կերպով ցույց տալ այն հաջողված փորձը, որ տեղի է ունեցել ԵՄ-ում, երբ համայնքները սեփական միջոցներով, հիմք ընդունելով հ/կ-ների կողմից ծրագրված միջոցառումները, որոշել են, թե փողն ինչպես պետք է ծախսվի, ուր պետք է գնա: Այժմ մենք քննարկում ենք դա, ցանկանում ենք այս պիլոտային ծրագիրը մշակել և իրականացնել, առաջին հերթին, մեծ համայնքներում»:
Ամփոփելով խոսքը՝ դեսպանը ևս մեկ անգամ կարևորեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն ավետարան կհանդիսանա երկու երկրների համար. «Բայց չենք կարող գոհանալ այն արդյունքներից, որոնց հասել ենք, շատ ավելի շոշափելի արդյունքների կհասնենք՝ համագործակցելով ՀՀ կառավարության հետ և լուծելով Հայաստանի համար ամենահրատապ խնդիրները»: