Վիգեն Սարգսյանի նշանակումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Հայկազ Բաղմանյանի հեռացումն ու նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, ըստ էության, ստացան պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակման իմաստ:

Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է իհարկե նախորդ տարի հոկտեմբերին, սակայն դե ֆակտո նախարար, նա, կարծես թե, դառնում է այժմ: Դրա վկայությունն էին Սարգսյանի հայտարարությունը, որ Հայկազ Բաղմանյանին, այսինքն՝ բանակի եւ իշխող համակարգի, այսպես ասած, անձեռնմխելի թվացող օդիոզ կերպարներից մեկին հեռացրել է ինքը, եւ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, որ Վիգեն Սարգսյանը բանակի, զինված ուժերի առաջնորդն է եւ ունի անհրաժեշտ բոլոր որակները, անկախ, այսպես ասած, բանակից չլինելու հանգամանքի:

Այս իրադարձություններն առիթ տվեցին հանրության ակտիվ խմբերին բավական լայն եւ բազմաբնույթ դիտարկումների, որոնցում զգալի տեղ էր հատկացվում այն հանգամանքին, որ Վիգեն Սարգսյանը՝ իհարկե Սերժ Սարգսյանի օժանդակությամբ, քայլ կատարեց դեպի վարչապետի հավանական պաշտոն: Իրականում, սակայն, ըստ էության տեղի ունեցածը այն է, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի աջակցությամբ, ըստ էության, ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը, այդ բառի քաղաքական եւ համակարգային, թերեւս, ամբողջական իմաստով:

Ի՞նչ կանի Սարգսյանը հետո, կամ ինչ կանեն Սարգսյանները՝ յուրաքանչյուրը իրենց մասով, սա իհարկե արդեն կանխատեսումների եւ վերլուծությունների դաշտից է, սակայն տեղի ունեցած իրողությունը թերեւս այն է, որ մեկ տարի անց Վիգեն Սարգսյանը «նշանակվեց» նախարար: Որովհետեւ մեկ տարի առաջ նրա նշանակումը առաջացրել էր մեծ տարակուսանք գրեթե բոլոր շերտերում: Դա նաեւ բնական էր՝ գործնականում պատերազմող բանակի նախարար է նշանակվում մարդ, որի կարիերան անցել է գրասենյակներում: Սա օբյեկտիվորեն հոգեբանական լուրջ անջրպետ է առաջացնում հենց զինված ուժերում:

Ավելին, դեռեւս դժվար է ասել, արդյո՞ք այդ անջրպետը ներկայումս հաղթահարված է՝ Բաղմանյանի հեռացումով եւ Մովսես Հակոբյանի հարցազրույցով: Ի վերջո, այդ նշանային իրադարձությունները կարող են լինել երաշխիք, որ անջրպետը, այսպես ասած, չի վերածվի կոնֆլիկտի: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը լուծում է կոնֆլիկտի հնարավոր տրանսլյատորների հարցը, բայց ի վերջո մտածողության, հոգեբանության մակարդակում իրավիճակի վրա ազդեցությունը դեռեւս պահանջելու է քայլեր ու ժամանակ: Եվ այդ իրավիճակում իհարկե հարց է առաջանում, կանի՞ Վիգեն Սարգսյանն այդ քայլերն ու կօգտագործի՞ ժամանակը, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան ազատել է կոնֆլիկտի, այսպես ասած, ռիսկերից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս