Բրիտանական կառավարությունը պաշտոնապես նշել է Brexit-ի շրջանակում ԵՄ-ին վճարումների գումարը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի 35-39 մլրդ ֆունտ ստեռլինգի (40-45 մլրդ եվրո) չափով գումար վճարել Եվրամիությանը Brexit-ի կապակցությամբ հանրակցության առջեւ իր ֆինանսական պարտավորությունները կարգավորելու համար: Այդ մասին դեկտեմբերի 8-ին պաշտոնապես հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը, տեղեկացնում է Reuters-ը:
«Մենք ակնկալում ենք, որ գումարը կլինի 35-39 մլրդ ֆունտի սահմաններում»,- ասել է նա՝ այդ գումարը համարելով ԵՄ-ի հանդեպ Մեծ Բրիտանիայի «պարտավորությունների արդար կարգավորում»:
Այսպիսով, բրիտանական կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հայտնել է այն կոնկրետ գումարի մասին, որը Լոնդոնը պատրաստ է Բրյուսելին վճարել Brexit-ի իրագործման շրջանակներում:
Դեկտեմբերի 8-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը փոխզիջման են հասել Brexit-ի շուրջ բանակցությունների առաջին փուլի շրջանակներում եւ պատրաստ են անցնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման երկրորդ փուլին, ինչի մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:
Լոնդոնը եւ Եվրամիությունը Brexit-ի հիմնական պայմանները, ներառյալ սահմանների հարցը (հատկապես Իռլանդիայում), եվրոպական գործընկերներին Մեծ Բրիտանիայի ֆինանսական վճարումները եւ Brexit-ից հետո ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները Մեծ Բրիտանիայում, պետք է համաձայնեցներին նախքան ԵՄ-ի՝ դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովը:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: