««Գարդասիլն» ավելի անվտանգ է, քան մնացած պատվաստանյութերը. այն չբերություն չի առաջացնում». Հովակիմ Զաքարյան

««Գարդասիլ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցել է 60 հազար մարդ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ «Գարդասիլով» պատվաստված անձանց միայն 0.05 տոկոսի մոտ են առաջանում կողմնակի էֆեկտներ՝ տեղային ցավ, կարմրություն, ալերգիկ ռեակցիա, որոշ դեպքերում՝ գլխապտույտ, քիչ դեպքերում՝ գիտակցության կորուստ։

Դրա համար խորհուրդ է տրվում «Գարդասիլի» օգտագործումից հետո գոնե 15-20 րոպե նստած դիրքում մնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց  ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը։

Կենսաբանի խոսքով՝ «Գարդասիլն» ավելի անվտանգ է, քան մնացած պատվաստանյութերը.

««Գարդասիլի» պարագայում պատվաստանյութի բաղադրության մեջ օգտագործվում է ոչ թե ամբողջ պապիլոմա վիրուսը, այլ պապիլոմա վիրուսի մեկ կառուցվածքային սպիտակուց, որը բավական է, որպեսզի մարդու մոտ առաջանա իմունային հիշողություն ամբողջ վիրուսի նկատմամբ։ Այդ սպիտակուցն ինքնին բավականին անվտանգ է, չի առաջացնում որևէ հիվանդություն, հատկապես՝ այն հիվանդությունները, որոնց մասին պարբերաբար խոսվում է, օրինակ՝ չբերություն։ Ո՛չ սպիտակուցը, ո՛չ էլ ամբողջ պապիլոմա վիրուսը չբերություն չեն առաջացնում։

Կարդացեք նաև

Եթե մարդը պապիլոմա վիրուսով վարակված է, նրա մոտ չբերություն կառաջանա միայն մի դեպքում, եթե լինի արգանդի պարանոցի քաղցկեղ, որը բուժվի վիրահատության ճանապարհով»։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում օգտագործվել  է 200 միլիոնից ավելի «Գարդասիլի» դոզա, և շատ երկրներ՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Գերմանիա,Դանիա, որտեղ պատվաստանյութն  օգտագործվում է 2007 թվականից, ունեն դրական արդյունքներ.

«10 տարվա կտրվածքով կարդում էի այդ երկրների վիճակագրական հետազոտության արդյունքները և տեսել եմ, որ 10 տարվա  ընթացքում այդ երկրներում պապիլոմա վիրուսով վարակի դեպքերը նվազել են շուրջ 64 տոկոսով»։

Հ. Զաքարյանը նկատեց՝ եթե մարդը ստանում է «Գարդասիլի» 3 պատվաստման դոզա, ապա երրորդ ներարկումից հետո, հաջորդ օրվանից նա արդեն ունի կայուն իմունիտետ. ««Գարդասիլի» արդյունավետությունը մոտավորապես 90 տոկոս է, ինչը նշանակում է, որ, եթե 100 հոգի պատվաստվել են, ապա նրանցից տասը կարող է վարակվել՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով»։

Հարցին՝ այդ դեպքում որտեղի՞ց  է գալիս «Գարդասիլի» ընդդիմախոսների մտահոգությունը, և ինչո՞ւ են նրանք դա այդքան վտանգավոր համարում, վիրուսաբանը պատասխանեց, որ իր տեսակետը հիմնված է վիճակագրական տվյալների վրա, իսկ հակառակ համոզողները, եթե ունեն նման տվյալներ, թող ներկայացնեն. «Բոլոր սուտ պատմությունները մեկ ընդհանրություն ունեն՝ նրանք ոչ մեկը հիմնված չեն վիճակագրական կամ գիտական հետազոտության վրա։

Երբ ասում են, որ «Գարդասիլն» առաջացնում է չբերություն, կա՞ որևէ մի գիտական հոդված, որը դա ցույց է տալիս, չկա, ես ասում եմ դա՝ որպես վիրուսաբան, որը նայում է հոդվածներն անընդհատ: Կա՞ որևէ մի գիտական հոդված, որ «Գարդասիլն» առաջացնում է քրոնիկ հոգնածության տենդ, չկա։ Ինչո՞ւ են մարդիկ դա անում, պատճառները տարբեր կարող են լինել՝ սկսած կրոնական համոզմունքներից՝ վերջացրած անձնական ֆինանսական խնդիրներով:

Օրինակ` ԱՄՆ-ում «Գարդասիլի» դեմ հանդես եկողների հիմնական պատճառաբանությունը կրոնական հենք ունի, նրանք ասում են՝ եթե աղջիկները «Գարդասիլով» պատվաստված են, նրանք շատ ավելի անկանոն սեռական կյանք կարող են վարել դրանից հետո, որովհետև պաշտպանված են պապիլոմա վիրուսից, որը փոխանցվում է սեռական ճանապարհով։ Մարդիկ, որոնք կրոնական համոզմունքներ ունեն և դեմ են սեռական բաց կյանքին, պարզ է, որ առաջինը պետք է հանդես գան «Գարդասիլի» դեմ՝ ասելով, որ, եթե պատվաստված եք, ուրեմն՝ ավելի անկանոն սեռական կյանքով կապրեք դրանից հետո»։

Թե Հայաստանում ինչու են դեմ, վիրուսաբանը դժվարացավ պատասխանել։

Տեսանյութեր

Լրահոս