Բաժիններ՝

ՀՀ ներմուծում իրականացնող տնտեսավարողների համար ԱԱՀ-ի վճարումը կհետաձգվի 90 օրով

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից և երրորդ երկրներից ներքին սպառման ապրանքների ներմուծում իրականացնող տնտեսավարողները 2019-ից սկսած հնարավորություն կունենան ավելացված արժեքի հարկը վճարել ներմուծմանը հաջորդող 90 օրվա ընթացքում:

Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր «Ծառուկյան» խմբակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ օրենքի նախագծի հիմնական զեկուցող, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ այս պահին սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գանձումը մինչև ներմուծման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ լրացուցիչ ֆինանսական բեռ է համարվում ներմուծող կազմակերպությունների համար՝ մինչև ներմուծված ապրանքների իրացումն ու վճարված ԱԱՀ գումարների հաշվանցումը:

«Մենք առաջարկել ենք սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստան ներմուծվող, Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների, ինչպես նաև երրորդ երկրներից ներքին սպառման ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկի գումարների գանձումը կիրականացվի ներմուծման պահից մինչև 90-րդ օրը ներառյալ, ինչը կնպաստի ներմուծող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանը»,- մանրամասնեց պատգամավորը:

Նա հավելեց, որ նախորդ երկու տարիներին նույնպես իրենք հանդես են եկել նման առաջարկով, սակայն կառավարությունը մերժել է: «Կառավարությունն այս անգամ էլ բացասական եզրակացություն տվել, սակայն մենք Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման արդյունքում փոխզիջումների հասանք և, որպեսզի բեռ չլինի 2018 թ. պետական բյուջեի վրա, որոշեցինք, որ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2019 թ. հունվարից»,- հայտնեց Մելքումյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս