«ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ին անկոտրում է». Պետքարտուղար

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպման ընթացքում կրկին անգամ հավաստիացրել է գործընկերներին՝ «Միացյալ Նահանգների հավատարմությունը դաշինքի սկզբունքներին եւ պարտավորություններին պողպատի նման անկոտրում է»:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Այստեղ Թիլերսոնը դեմ առ դեմ բանակցություններ է անցկացրել նաեւ Եվրոպական միության Արտաքին կապերի եւ անվտանգության քարտուղար՝ Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպման ընթացքում դաշնակիցները քննարկել են Մերձավոր Արեւելքի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի խնդիրների շուրջ համագործակցությունը:

«Մենք ցանկանում ենք քննարկել դաշինքում մեր հարաբերությունների առավել սերտացման հեռանկարները: Ցանկանում ենք նաեւ ավելի լավ պատկերացում կազմել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջեւ ծրագրերի իրականացման հեռանկարների մասին, քանի որ նման ծրագրերը կարող են միայն նպաստել Եվրոպայում անվտանգության ապահովմանը»:

Հավատարմություն հայտնելով ՆԱՏՕ-ի 5-րդ կետին, որը պարտավորեցնում է Միացյալ Նահանգներին, ինչպես եւ դաշինքի յուրաքանչյուր անդամ-պետության,, պաշտպանել հարձակման ենթարկված ՆԱՏՕ-ի որեւէ անդամի, պոտքարտուղար Թիլերսոնը կրկին կոչ արեց ՆԱՏՕ-ի մյուս անդամներին վճարել իրենց բաժին գումարը ռազմական ծախսերի ապահովման համար.

«Անվտանգությունն առավել ապահով է, երբ դաշնակիցներն իրար ուս ուսի տված կատարում են բոլոր պարտավորությունները: Ուստի, մենք կոչ ենք անում բոլորին ավելացնել ռազմական ծախսերը: Դա ընդհանուր նպատակ է, որը ձեռնտու է բոլորին»:

Ռեքս Թիլերսոնի եվրոպական այցը համընկավ լրատվամիջոցներում պետքարտուղարին փոխարինելու մասին մի շարք հրապարակումների հետ: Ինքը՝ Թիլերսոնն այդ հրապարակումները որակել է որպես ծիծաղելի, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում նշել էր, որ չի պատրաստվում մոտ օրերս նոր պետքարտուղար նշանակել:

Տեսանյութեր

Լրահոս