Բաժիններ՝

«Որևէ մեկն ընտանիք չի մտնի, քանի դեռ ընտանիքի անդամներից մեկը չի հայցել պետության աջակցությունը»

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ հանրային քննարկումների արդյունքում ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի լրամշակված նախագիծը գրեթե փարատում է հանրության մոտ առկա մտահոգությունները, որոնք հնչել են տարբեր մեկնաբանությունների, մտահոգությունների և տարակարծությունների միջոցով:

Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի նախագծի հետ կապված մտահոգությունների պատճառն այն է, որ դրա կարգավորումները վերաբերվում են մի արժեքի, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավանդական, դարերի խորքից եկած հատուկ վերաբերմունք ունեն:

«Մեզանից յուրաքանչյուրը ընտանիքում ավանդական արժեքների վերաբերյալ ունի իր մոտեցումը: Յուրաքանչյուրը իր ընտանիքում ունի իր անհատական բանաձևը, երբ իր տան շեմից մտնում է ներս, ունի իր ընտանեկան ավանդական արժեքները, որոնք այլոք կարող են չկիսել»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ այս նախագիծը շատ հաճախ ներկայացվում էր որպես ընտանեկան հարաբերությունները կարգավորելու փորձ, բայց չի կարող նման բան լինել: Արփինե Հովհաննիսյանը հստակեցրեց, որ իրավունքում կա երկու մոտեցում՝ կամ դու կարգավորում ես հասարակական հարաբերությունները, որպեսզի սահմանես խաղի որոշակի կանոններ՝ ասելով, թե որ իրավիճակում ով ինչպես պիտի վարվի, կամ դու սահմանում ու կարգավորում ես հասարակական հարաբերությունները այն դեպքում, երբ դա շեղվում է բնականոն հունից:

«Մենք այս պարագայում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Այստեղ որևէ մեկը չի կարող կարգավորել և չի էլ կարգավորելու ընտանիքի անդամների վերաբերմունքն ու հարաբերությունները միմյանց հանդեպ: Որևէ մեկը չի կարող ինչ-որ մեկին պարտադրել հարգանք, սիրալիր վերաբերմունք, գորով և այլ նմանատիպ դրսևորումներ, որոնք բնութագրական են յուրաքանչյուրի ներաշխարհին:

Յուրաքանչյուրդ ունեք ձեր պատկերացումները, և, որքան էլ մենք բարբառենք զանազան ճշմարտություններ, ճշմարտությունը մեկն է՝ այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր անհատական պատմությունը, իր անհատական բանաձևը, որտեղ կա մի ընդհանրություն՝ դա ավանդական ընտանիքն է, որն ամրագրված է Սահմանադրության մեջ. խոսքը տղամարդու և կնոջ միության մասին է»,- նշեց Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հստակեցրեց, որ ներկայացված օրինագիծը կկարգավորի այն դեպքերը և հարաբերությունները, որոնք շեղվել են բնականոն հունից և որտեղ պետության աջակցության կարիքը մարդը զգում է, և ոչ թե որևէ մեկը գալու է մտնի ընտանիք: Նա վստահեցրեց, որ որևէ մեկը իր հայեցողությամբ ընտանիք չի մտնելու, քանի դեռ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի հայցել պետության աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս