«Ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ նորից մեծանա, մայրաքաղաք-հանրապետությո՞ւն լինի». Վարդան Ղուկասյան
ՀՀ իշխանությունները բավարար գործողություններ չեն կատարել` 29 տարի անց աղետի գոտի հասկացությունը Գյումրիից իսպառ վերացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` խոսելով 1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցի մասին:
«Իշխանավորները թերացել են աշխատատեղերի ստեղծման մեջ: Խորհրդային միությունը ժամանակին գնացել էր այդ ճանապարհով` ստեղծել էր աշխատատեղեր, որ գյումրեցին իր ձեռքով կառուցի իր քաղաքը: 1926 թ. Ալեքսանդրապոլում ավելի շատ աշխատատեղ կար, քան 21-րդ դարի Գյումրիում»,- ասաց Վ.Ղուկասյանը` նկատելով, որ մարդը սոված չի կարող նստել բնակարանում:
Նա քննադատության ենթարկեց Երևանում 150 միլիոնանոց թաղամաս կառուցելու նախագիծը: Փոխարենը, ըստ Վ.Ղուկասյանի, պետք է Գյումրին իր հուշարձաններով պահպանել.
«85 մլրդ Երևանի բյուջեն է, Գյումրիինը` 3 մլրդ, հավանական է Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին 50 մլրդից ավելի գումար չի կազմում: Ու ի՞նչ ենք անում` մեծացնում, մեծացնում ենք Երևանը: Հրեաները խելոք ազգ են, 350 հազարանոց մայրաքաղաք են ստեղծել: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ նորից մեծանա, մայրաքաղաք-հանրապետությո՞ւն լինի»: