Պաղեստինցիները Բեթղեհեմի փողոցներում այրել են Թրամփի դիմանկարները. Al Mayadeen
Բեթղեհեմում հակաամերիկյան ցույցի մասնակիցները քաղաքի փողոցներում այրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի դիմանկարներ: Ինչպես հայտնել է Al Mayadeenn հեռուստաալիքը, նրանք այս կերպ բողոքել են Միացյալ Նահանգների դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Սպիտակ տան վարչակազմի մտադրության դեմ։
Երուսաղեմում ԱՄՆ-ի հյուպատոսությունն ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Արեւելյան Երուսաղեմ այցելություններից, որտեղ կարող են բողոքի զանգվածային ակցիաներ սկսվել:
Անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունում Թրամփը, վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ կարծիք է հայտնել, որ ժամանակն է բավարարել Իսրայելի խնդրանքը եւ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Ինչպես սպասվում է, իր որոշման մասին Միացյալ Նահանգների նախագահը կհայտարարի դեկտեմբերի 6-ին: Ավելի վաղ մի ամբողջ շարք արաբական պետությունների ղեկավարներ նախազգուշացում են արել Վաշինգտոնի պլանների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: