Բաժիններ՝

Կորսիկացի ազգայնականները շահում են տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլը

Կորսիկացի ազգայնականների Pe a Corsica («Հանուն Կորսիկայի»), դաշինքը, որը բաղկացած է ֆրանսիական այդ կղզու ինքնավարության եւ անկախության կողմնակիցներից, լավագույն արդյունքներին է հասել դեկտեմբերի 3-ին այնտեղ կայացած տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլում: Այդ մասին հայտնել է BFM հեռուստաալիքը:

Կղզու կենտրոնական պրեֆեկտուրայի կողմից ներկայացված նախնական տվյալների համաձայն, ազգայնականների կոալիցիայի ընտրացուցակը, որում տեղ են գտել կղզու լայն ինքնավարության կողմնակիցները՝ Ժիլ Սիմեոնիի գլխավորությամբ, ինչպես նաեւ Կորսիկայի լիակատար անկախության կողմնակիցները, որոնց առաջնորդը Ժան Գի Տալամոնն է, ստացել է ձայների 47,35 տոկոսը: Մնացած մրցակիցները զգալիորեն հետ են մնում վստահորեն առջեւից ընթացող ազգայնականներից:

Այսպես, Ժան Մարտեն Մանդոլինիի ցուցակը, որը հանդես է գալիս Կորսիկայի՝ որպես Ֆրանսիայի տարածաշրջանի կարգավիճակի օգտին, ստացել է ձայների 13,01 տոկոսը այն դեպքում, երբ «Առաջ, հանրապետություն» կառավարող կուսակցության ներկայացուցիչ Ժան Շառլ Օրսուչին, ապահովել է ընտրողների միայն 12,37 տոկոսի աջակցությունը:

Սոցիոլոգիական հետազոտությունների Ipsos ինստիտուտի տվյալներով՝ ազգայնականների կոալիցիան կղզու առանձին քաղաքներում հասել է քվեարկածների ավելի քան 50 տոկոսի աջակցությանը:

Ազգայնականների կոալիցիայի ղեկավար Ժիլ Սիմեոնին, մեկնաբանելով առաջին փուլի արդյունքները, ընդգծել է, որ «ձեռք է բերվել կարեւորությամբ բացառիկ, աննախադեպ պատմական հաղթանակ»:

Կորսիկայում տարածաշրջանային ընտրությունների երկրորդ ավարտական փուլը կկայանա հաջորդ կիրակի՝ դեկտեմբերի 10-ին: Դրա արդյունքներով՝ մինչեւ հաջորդ տարվա հունվարի 1-ը կկազմվի իշխանության նոր մարմին, որը կփոխարինի կղզու երկու միավորվող դեպարտամենտների՝ Վերին Կորսիկայի եւ Հարավային Կորսիկայի խորհուրդները: Տարածաշրջանային եւ դեպարտամենտային մարմինների միաձուլումն իրականացվում է ապակենտրոնացման եւ տարածքային վերակազմման մասին օրենքի դրույթներին համապատասխան, որը նախագահ Ֆրանսուա Օլանդի օրոք ընդունվել է 2015 թվականի օգոստոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս