«S-400»-ներ արտադրող ռուսական ընկերության անունը ներառվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության սև ցուցակում. Economist
Անգլիական Economist հայտնի պարբերականը «Ճանապարհը կորցրած հրթիռներ» վերնագրով հրապարակման մեջ խիստ քննադատռլ է Թուրքիայի՝ ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգեր գնման հանգամանքը:
Պարբերականին հատկապես զայրացրել է թուրքական Anadolu գործակալության ներկայացրած ինֆոգրաֆիկան, որում ցույց է տրվում ռուսական համակարգերի հնարավորությունները:
«Սա ՆԱՏՕ-ի պատասխանատուներին ուղղված չար կատակ է: Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից Ռուսաստանից գնվելիք S-400 հակաօդային պաշտպանության վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակել: S-400-ի հնարավորությունները գովաբանող գրաֆիկում ցուցադրվում է, թե որ ինքնաթիռները կարող է խոցել 400 կմ հեռահարություն ունեցող համակարգը: Ցուցադրված բոլոր ինքնաթիռներն էլ ամերիկյան արտադրության են»,- ըստ թուրքական «Hurriyet»-ի՝ գրում է Economist-ը:
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի հետ ՀՕՊ համակարգերի 2 մլրդ դոլարանոց գործարքը կարող է խոչընդոտների ու պատժամիջոցների արժանանալ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:
Ըստ պարվերականի՝ չնայած ՆԱՏՕ-ի այն հայտարարություններին թե Թուրքիան կարող ցանկացած տեղից գնել սպառազինություն, այնուամենայնիվ դաշինքը բացասական է նայում այդ գործարքին:
Economist-ը հիշեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը կարող է հետևանքներ առաջացնել:
«Երկրներն իհարկե ազատ են որոշում ընդունելու հարցում: Բայց նաև ազատ են այդ որոշումների առաջացրած հետևանքների հետ առերեսվելու հարցում»,- հայտարարել էր Պավելը՝ հիշեցնելով, որ ռուսական արտադրության համակարգերը չեն ինտեգրվում դաշինքի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին:
Պարբերականը նշել է, որ այս գործարքը հակասում է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քաղաքականությանը. հոկտեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից սպառազինություն գնող երկրների նկատմամբ:
«S-400»-ներ արտադրող ռուսական ընկերության անունը ներառվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության սև ցուցակում: Երկրներին հնարավորություն է տրվում դիմել այդ պատժամիջոցներից խուսափելու համար: Սակայն մարդու իրավունքների վատթար վիճակը և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա նախադեպը չունեցող լարվածությունը Թուրքիայի օգտին չեն խոսում»,- գրում է Economist-ը: