Հայաստանը վերահաստատել է ՄԻԱՎ-ը մորից երեխային փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը
Հայաստանն այն քիչ երկրներից է, որ վերահաստատել է ՄԻԱՎ-ը մորից երեխային փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը: Վերջին 5 տարí³ վերլուծությամբ՝ հիվանդների 57 տոկոսը վարակվել է Հայաստանից դուրս: Դեկտեմբեի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, այս մասին փաստեցին ոլորտի մասնագետները:
ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանն ընթերցեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ուղերձը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ոլորտում մենք շարունակաբար հաջողություններ ենք արձանագրում: Օրվա խորհուրդը պարտադրում է շեշտադրել ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի մասին մարդկանց իրազեկման բարձրացման, վարակի կանխարգելման և արդյունավետ բուժման հարցերը: 2016-ին ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում Հայաստանի կողմից ստորագրված հռչակագիրը մեր առջև խնդիր է դրել մինչ 2020 թվականը հասնել մեր նախանշած նպատակներին: Հավակնոտ նպատակը մինչ 2030 թվական ՁԻԱՀ-ի համաճարակի վերացումն է»,-ասել է նախարարը:
ՄԻԱՎ-ով վարակվածների 1/3-րդը չգիտի իր կարգավիճակի մասին և բուժում չի ստանում: ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովումը կնպաստի, որ կարճ ժամանակում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ տեղեկանան իրենց հիվանդության մասին: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ևս հաճախակի ակցիաներ է կազմակերպում և մեծաթիվ մարդկանց անվճար հետազոտվելու հնարավորություն տալիս:
Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը Հայաստանն արձանագրել է դեռ 2016-ին: «Հայաստանն այս տարի վերահաստատել է այդ կարգավիճակը: Յուրաքանչյուր տարի երկիրը պետք է վերահաստատի այն: Այս հաջողությունն աշխարհում եզակիներից է՝ ընդամենը 4 երկիր ԱՀԿ-ի կողմից ունեն հավաստագիր, որը փաստում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման մասին»,-ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
2017-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2865 դեպք, վերջին 11 ամսում՝ 315 դեպք: «2017-ի 11 ամսում 90 մարդ մահացել է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ից, քանի որ աշտորոշվել են հիվանդության ուշ փուլում»,- ասաց Գրիգորյանն ու կոչ արեց բոլորին՝ վաղ ախտորոշում անցնել:
Վերջին 5 տարվա վերլուծությունը ցույց է տվել, որ մեծամասնությունը՝ 57 տոկոսը, վարակվել են Հայաստանից դուրս: Նրանք հիմնականում աշխատանքային միգրանտներն են:
«Հայաստանում ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների վերահսկողության ծրագիրը իրականացվում է Ռուսաստանի ֆինանսավորմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Ռուսաստանը ձգտում է այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը, դրան տալիս է առաջնահերթ նշանակություն: Միջազգային հանրությանը լայն աջակցություն ենք ցուցաբերում, առաջին հերթին՝ ԵԱՏՄ գործընկերներին: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետության մասին փաստող ցուցանիշները՝ որոշվել է ծրագրի ֆինանսավորումը երկարաձգել մինչ 2018 թվականը»,-ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինը:
Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանը ուժեղացրել, ամրապնդել է պայքարը աշխատանքային միգրանտների կողմից բերվող ՄԻԱՎ-ի տարածման դեմ: Հայաստանն ամրապնդել է երկրի ներուժը, ՄԻԱՎ-ի համաճարակաբանական վերահսկողության ինստիտուտը: