«ԵԱՏՄ-ն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին». Ստեփան Գրիգորյան
«Ես պնդում եմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ԵԱՏՄ-ն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին»,- այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` որպես հիմնավորում ներկայացնելով 10 թեզեր:
Ըստ նրա` բոլոր երկրների` ԵԱՏՄ-ում գտնելու նպատակները և մոտիվացիան տարբեր են, Ղազախստանի համար այն տնտեսական ինստիտուտ է, Ռուսաստանի համար քաղաքական գործիք է ՀՀ-ին մոտ պահելու համար, Բելառուսն ունի սոցիալիստական տնտեսություն և ուզում է պրեֆերենցիաներ ստանալ ու երբեմն ստանում է: Ս. Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությունն ավտոմատ սահմանափակում է ՀՀ-ի հնարավորություններն այդ ինտեգրացիոն կառույցում: Ռուսաստանը, ըստ նրա, ցանկություն էլ չունի վերանորոգել Վերին Լարսի ճանապարհը, և սա ցույց է տալիս, որ Հայաստանի կոնտեքստում նրա նպատակը քաղաքական է:
Ս. Գրիգորյանի խոսքով` միության լոկոմոտիվ երկիրն ինքն ունի տնտեսական ծանր վիճակ, և նա դեռ պետք է աջակցի ԵԱՏՄ-ին, և ՌԴ-ի դեմ միջազգային սանկցիաների գլխավոր խնդիրն այն է, որ ՌԴ-ն չի կարող մոդեռնիզացնել իր տնտեսությունը, և ՌԴ-ի գլուխը զբաղված է իր խնդիրներով, ոչ թե՝ Հայաստանի. «Ռուսաստանը հակապատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի դեմ, և այստեղ շոշափվում են մեր շահերը, այսինքն` ՌԴ-ն պաշտպանում է իր շուկան ու աշխատաշուկան դրսից, և դա ազդում է նաև մեզ վրա, և վարորդական վկայականների պատմությունն այստեղից է գալիս»:
Ս. Գրիգորյանը նշեց, որ ԵԱՏՄ խաղի կանոնները հետզհետե կյանքի են կոչվում, և մեր վիճակը վատանում է, օրինակ` Վրաստանից լոլիկ բերող գյուղացու մանր առևտուրը փակվեց, մեկ տարուց մեքենա ներկրելու սահմանափակումը կմտնի, և վիճակն ավելի կվատանա:
Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի ազատ առևտրի սահմանափակմանը` վերլուծաբանը նկատեց, որ ԵԱՏՄ խաղի կանոնների համաձայն՝ Իրանի նավթամթերքները չեն համապատասխանում ԵԱՏՄ չափորոոշիչներին, և դրանց մուտքը Հայաստան ևս սահմանափակվեց:
Ս.Գրիգորյանի խոսքով` ներդրողին ՀՀ-ն չի կարող երաշխիքներ տալ և դրա համար պետք է դիմել ԵԱՏՄ-ին:
«2015թ. մարտի 3-ին ՌԴ սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որ իր ներքին օրենքները գերակա են ԵԱՏՄ շրջանակներում ստորագրված պայմանագրերից: Այսինքն `այն, ինչ ՌԴ-ի օգտին է, աշխատում է, երբ օգտին չէ, չի աշխատում»,- ասաց Ս.Գրիգորյանը:
Կենտրոնի ղեկավարն առաջարկեց ՀՀ նախագահին` ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարող որոշումների վրա վետո դնել, ՀՀ ՍԴ-ին` ուսումնասիրել ՌԴ ՍԴ որոշումը, որը սահմանափակում է ՀՀ քաղաքացիների իրավունքները, Իրանի դեպքում, եթե չի ստորագրվում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիրը, և սահմանափակումները շարունակվում են, քայլեր ձեռնարկել:
«Այս երեք կետերի չփոխվելու պայմաններում ՀՀ-ն պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի»,- ասաց Ս.Գրիգորյանը: