Բաժիններ՝

Հայ ուսանողը բացահայտել է բուսական ծագման միացություն, որը ճնշում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի բազմացումը

1950-ական թվականներից աշխարհում գիտնականները փորձում են գտնել հակավիրուս, որը կօգնի հաղթահարել գյուղատնտեսության համար ամենավտանգավոր վիրուսներից մեկը՝ Խոզերի աֆրիկյան ժանտախտը, որի վարակման դեպքում կենդանիները մահանում են 7-10 օրերի ընթացքում: Վիրուսի դեմ պայքարելու միակ միջոցը կենդանիների գլխաքանակի ամբողջական սպանդն է: Վերջին տարիներին մի շարք լաբորատորիաներում պայքար է ընթանում այս ժանտախտի դեմ, սակայն, ըստ գիտնականների՝ արդյունքներն այնքան էլ դրական չեն:

Տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում, պարբերաբար խոսակցություններ են պտտվում ժանտախտի տարածման մասին: Ժանտախտի պատճառով 2007-2011 թվականներին խոզերի գլխաքանակը Հայաստանում կրճատվեց 50 տոկոսով: Տարբեր հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ տնտեսությունը ժանտախտի պատճառով կրել է մինչև 5 մլրդ դրամի վնաս:

Դեռևս նախորդ տարի 168.am-ը գրել էր, որ Հ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի գիտաշխատողները բացահայտել են բուսական ծագման նյութ, որը ճնշում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի բազմացումը վարակված բջիջներում:

Խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի և հնարավոր լուծումների մասին 168.am-ը զրուցել է Հայ-Ռուսական համալսարանի ուսանող Էրիկ Արաբյանի հետ, ով ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի կազմում բացահայտել է բուսական ծագման միացություն, որը ճնշում է ԽԱԺՎ վիրուսի կրկնապատկումը վարակված բջիջներում (Arabyan et al., in preparation), հետևաբար՝ կարող է հանդես գալ՝ որպես հակավիրուսային դեղամիջոց:

Կարդացեք նաև

«Ես դեռ առաջին կուրսից մեծագույն անհամբերությամբ սպասել եմ, թե երբ պետք է սկսեմ զբաղվել գիտությամբ: Սկզբում շատ հետաքրքրված էի էպիգենետիկայով, և հիմա՝ նույնպես: Ինչպես հայտնի է, այդ ուղղությունն աշխարհում մեծ հետաքրքրություն է վայելում: Երբ 3-րդ կուրսում էի, բախտն ինձ ժպտաց, և ես, շնորհիվ Հովակիմ Զաքարյանի, ով այժմ իմ ղեկավարն է, համալրեցի նորաստեղծ գիտական խմբի կազմը: Երբ սկսեցի աշխատանքները, մեր թիմն ինձ շատ ուղղորդեց: Սկզբում կատարում էի մինիմալ ծավալի աշխատանք, հետագայում յուրացնելով բջջային կուլտուրաների և վիրուսների հետ աշխատանքի տեխնիկան՝ անցա ինքնուրույն աշխատանքի: Արդեն երկար ժամանակ է, ինչ ինքնուրույն կատարում եմ իմ պրոյեկտը»,- նշում է էրիկ Արաբյանը:

Էրիկը նշում է, որ հետազոտության իրականացման մեջ շատ մեծ է իր ղեկավարի և տարբեր համագործակցությունների դերը:

«Համագործակցությունները թույլ են տալիս լրացնել և ամբողջական դարձնել այս կարևորագույն հետազոտությունը: Այս պահին հասել ենք հետազոտության ավարտին և ունենք հուսադրող արդյունքներ»:

Էրիկը նշում է, որ Խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարը շատ կարևոր և արդիական է նաև Հայաստանի համար, քանի որ այն կարող է մեծ վնասներ հասցնել գյուղատնտեսությանը:

Ըստ Էրիկի՝ ժանտախտի խնդիրը չի շրջանցում նաև այլ երկրներին, այդ իսկ պատճառով իրենց հետազոտական խումբը հետևում է աշխարհում կատարվող հետազոտություններին, ինչպես նաև համագործակցում է միջազգային լաբորատորիաների հետ:

«Մենք պատրաստվում ենք ներկայացնել մեր արդյունքները նաև միջազգային հարթակում, քանի որ այս աշխատանքն արդեն իսկ ստանում է ավարտուն տեսք: Նաև պատրաստվում ենք հոդված ուղարկել ոլորտի լավագույն գիտական ամսագրերից մեկում հրապարակելու համար: Մեր աշխատանքն ունի նաև իր տրամաբանական շարունակությունը, հետևաբար՝ պետք է դիմենք նաև դրամաշնորհների համար:

Այժմ համագործակցում ենք մի շարք եվրոպական լաբորատորիաների հետ: Այդ թվում՝ Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա»:

Էրիկը նշում է նաև, որ իր հետաքրքրությունը մեծ է նաև այլ վիրուսների նկատմամբ:

«Լիահույս եմ, որ ապագայում մեր խմբի շրջանակներում կունենանք հնարավորություն զբաղվել այլ վիրուսներով ևս»:

Սիրարփի Աղաբաբան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս