Հայաստանում կխթանվի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից` մարզեր
Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով: Համաժողովին ելույթներով հանդես կգան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության ներկայացուցիչներ, արտասահմանից ժամանած միջազգային փորձագետներ և այլ մասնագետներ։
Համաժողովի շահառուներն են ՀՀ բոլոր մարզերի 150 երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով։
Համաժողովը նպատակ ունի գործընկեր երկրների փոքր քաղաքների զարգացումների քննարկման, առաջարկների և հաջորդական գործնական քայլերի մշակման, մարզերի պատասխանատուներին և ոլորտով հետաքրքրված երիտասարդներին Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացման միջոցով ապագայի Հայաստանում խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից` մարզեր, ինչպես նաև պատրաստել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետներ, զարգացնել և ընդլայնել մարզերում աշխատանքային շուկան՝ միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ, էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները` շահագրգռելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մշակույթի և մտածելակերպի ձևավորումը՝ թվային Հայաստանի և էլեկտրոնային հասարակության գաղափարների իրականացմանն ընդառաջ:
«Վստահ ենք, որ համաժողովին մարզային երիտասարդության մասնակցությունը, նրանց կողմից Գյումրիում տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողության պատմություններին ծանոթանալը, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպվելիք աշխատաժողովներին մասնակցությունը մեծ խթան կհանդիսանա երիտասարդների համար՝ մուտք գործել տեխնոլոգիական ոլորտ, դառնալ հաջողակ ձեռներեցներ, նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը մեզ հետ զրույցում նշում է, որ սա մարզային զարգացման համար շատ կարևոր միջոցառում է:
«Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարված ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում խիստ կարևորվում է ՀՀ մարզերում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, ինչը ոչ միայն ուղղված է մարզերից մասնագիտական արտահոսքի կանխարգելմանը, այլև մարզերի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու մրցունակության բարձրացմանը: Այս նպատակով նախաձեռնեցինք համաժողովը, որը հարթակ կհանդիսանա՝ վեր հանելու ոլորտի հիմնախնդիրները մարզերում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի ստեղծմանը՝ ցույց տալով Շիրակի ՏՏ ոլորտի հաջողված փորձը»,- նշում է Ամալյա Եղոյանը:
Միջոցառումն իրականացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ: Միջոցումը կիրականացվի նոյեմբերի 17-18-ին:
Սիրարփի Աղաբաբյան