«Ժամանակը չէ՞, որ վերանայվեն պետպատվերի տեղերը». Կարեն Ավագյանը՝ ԿԳ նախարարին
«Մեր շուրջ ամեն ինչ փոխվում է, բայց կրթաթոշակները բոլոր տեղերում մնում են նույնը, մտածում էի՝ այս անգամ որևէ փոփոխություն կլինի»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը՝ դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Նա նկատեց, որ Զինապարտության մասին նոր օրենքով տարկետումը հանվում է. «Ժամանակը չէ՞, որ վերանայվեն պետպատվերի տեղերն այնպիսի մասնագիտությունների դեպքում, որոնք այնքան էլ գրավիչ չեն, որ չկորցնենք այդ մասնագիտությունները: Իմ կարծիքով՝ պետպատվերի թվի աճ պետք է լիներ, քանի որ այլևս տարկետումը չի լինելու»:
Լ. Մկրտչյանը համաձայնեց Կ. Ավագյանի հետ՝ ասելով, որ այդ ուղղությամբ աշխատանքը կսկսեն, երբ Զինապարտության մասին օրենքն ամբողջությամբ ընդունվի:
«Մենք կփորձենք ձևավորել հիմնադրամային ձևաչափ: Երեխան քննությունը կտա, հետո կդիմի կրթաթոշակային ֆոնդին: Հիմնադրամի կեսը պետք է լինի սոցիալական, այդ դեպքում հնարավորություն կունենանք ճիշտ քաղաքականություն վարել ու երեխաներին ուղղորդել այն տեղերը, որտեղ պետությունը խնդիր ունի: Դա չենք արել 2018-ին, քանի որ պետք է Զինապարտության օրենքն ընդունվի»,- նշեց նախարարը: