«Խաղալիքները տեսավ, ոգևորեց, ուրախացավ». պատանդառված երեխան հոգեբանի կարիք չունի. քաղաքապետն ու ոստիկանապետն այցելել են նրանց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի համար 12 «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին մի քանի ժամ որպես պատանդ պահված երեխայի ծնողները հրաժարվել են առաջարկվող հոգեբանական օգնությունից:

Մեր հարցմանը պատասխանելով՝ այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի տեղակալ, լրատվության հարցերով պատասխանատու Վարդուհի Երանոսյանը: Նա ասաց, որ համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը իրենց աշխատակազմերի ներկայացուցիչների հետ միասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, այցելել են մանկապարտեզում պատանդ պահված երեխայի տուն, հանդիպել ամբողջ ընտանիքի հետ: Նաև նյութական աջակցություն տրամադրել:

«Համայնքի ղեկավարի կարգադրությամբ՝ միանվագ դրամական օգնություն էր հատկացվել, ինչպես նաև նա պարեն էր վերցրել, խաղալիքներ, հագուստ: Չեմ կարող ասել՝ ինչ, բայց աչքով տեսանելի օգնություն էր բերել նաև ոստիկանապետը: Երեխայի վիճակը ծնողների կողմից գնահատվեց բավարար, լավ: Երեխան ոչ մի դժգոհություն, վարքագծի փոփոխություն չի դրսևորել, իրեն լավ է զգում: Խաղալիքներն էլ տեսավ, ոգևորեց, ուրախացավ: Ծնողները հարկ չեն գտնում այս պահին հոգեբանի աջակցության, քանի որ երեխայի վարքագծի մեջ, կրկնում եմ, ոչ մի էական փոփոխություններ դեռ նկատելի չեն»,- ասաց Վարդուհի Երանոսյանը:

Նրա խոսքով, պատանդառված երեխայի ծնողներին հոգեբանի աջակցություն են առաջարկել նաև Արմավիր քաղաքում գործող «Արևածագ» հասարարական կազմակերպությունը, ինչից նույնպես նրանք հրաժարվել են:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս