«Եթե որդիս ողջ լիներ, 10 հազար դրա՞մ էր ստանալու. ոնց լիներ՝ նա իր երեխային կպահեր». Արցախում զոհված Ռոբերտ Աբրահամյանի հայրն ամսական 10 հազար դրամ է ստանում պետությունից

«Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ 18 տարեկան երիտասարդները պատրաստ են հանուն հայրենիքի կյանքն էլ տալ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նրանց օգտագործենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» հ/կ նախագահ Մանուշակ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ թեև Վիգեն Սարգսյանն ասում է, որ այս օրենքները չեն տանում արտագաղթի, բայց դա այդպես չէ. «Ես նաև ուսուցիչ եմ աշխատում, ու ամեն անգամ սեպտեմբերի 1-ին ցավով նկատում եմ, որ տղա երեխաների ծնողներն իրենց երեխաների հետ հեռանում են Հայաստանից: Լավ կլիներ, որ իրենք դուրս գային իրենց կաբինետներից ու մտնեին ժողովրդի մեջ: ԱԺ-ն ժողովրդինն է, բայց այնտեղ հաստատվում են օրենքներ, որոնք համապատասխանում են այնտեղ նստածների կարծիքներին, իսկ թե մնացած 2 միլիոնն ինչ կարծիք ունի, ոչ ոքի չի հետաքրքրում»:

2016թ. ապրիլի 10-ին Արցախում զոհված Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանը, ասաց, որ որդին ամուսնացած էր, ուներ մեկ երեխա, պայմանագրային զինծառայող էր. «Պետությունն ինձ 1 միլիոն 200 հազար դրամ գումար է տվել՝ գերեզմանոցը բարեկարգելու համար, և 10 հազար դրամ ամեն ամիս գումար եմ ստանում, երեխան էլ ստանում է 60 հազար: Ես այդ գումարով երեխային կյանքում չեմ կարող պահել: Կինն էլ զագսի գրանցում չունի, դրա համար ոչ մի օգնություն չեն տալիս, ասում են՝ նման օրենք մեր պետությունը չունի, որ գոնե որդուս կնոջն օրինական կին ճանաչեն, ու իրավունքներ ունենա: Եթե ես չլինեմ, իմ հարսին ոչ մի օգնություն չի հասնում: Արդեն 1,5 տարի է՝ դեպքը եղել է, մի պաշտոնյա չի մոտեցել, ասի՝ այդ երեխան ո՞նց է»:

Նա չի հասկանում, թե ինչպես են հաշվել, որ ամեն ամիս 10 հազար դրամ է ստանում. «Եթե որդիս ողջ լիներ, 10 հազար դրա՞մ էր ստանալու. ոնց լիներ՝ նա իր երեխային կպահեր: Ես ՊՆ գնացել եմ, ոչ մեկը ոչ մի բան չարեց, դուրս եկավ մի տղա, ասաց՝ ի՞նչ ունեք նախարարին ասելու: Ես միայն ուզում եմ, որ հարսիս օրինական կին ճանաչեն, որովհետև ես չգիտեմ՝ քանի տարի կապրեմ: Գոնե մայրը կարողանա մեծացնել իր երեխային, նա հայրենիքի համար զինվոր է մեծացնում»:

Աբրահամ Աբրահամյանն ասաց, որ ապրում է հայրական տանը, որը 100քմ է, և որի վրա գրանցված է 10-ից ավելի մարդ. «Դա ապրելաձև չէ»:

Մանուշակ Ստեփանյանն էլ ասաց, որ, եթե Սփյուռքի բարերարները չլինեին, ապրիլյան պատերազմի զոհերի անապահով ընտանիքները նույնիսկ չէին կարողանա այս 2 տարին գոյատևել: Նորից անդրադառնալով  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, նա ասաց, որ կողմ կլիներ դրան, եթե այն հավասար գործեր. «Երեկ Գալուստ Սահակյանն ասում էր, որ իր թոռնիկներն էլ կծառայեն. այո, իր թոռնիկները կծառայեն ՊՆ-ի կամ շտաբի ներսում՝ որպես հսկիչներ: Եթե մեկի երեխան կանգներ մարտական դիրքերում, ապա օրենքը հավասար կգործեր: Չունևորի երեխան գնա զոհվի, իսկ ունևորի երեխան իրեն լկտի պահի՞: Նույնիսկ դպրոցահասակ տարիքում նրանք չգիտես ինչ վարքագծով են հանդես գալիս, չի կարելի այդպես: Մենք այսքան քիչ ենք մնացել, իսկ ամեն օրենք նպաստում է արտագաղթին: Թանկացումներ, զոհվածների ընտանիքներից ոչ ոք չի աշխատում, և ոչ ոք նրանց չի օգնում»:

«Գոնե կոմունալների հարցում արտոնություններ տան: Մի ժամ ուշացնում ես, ասում են՝ հես ա կգամ՝ գազը կանջատեմ»,- նկատեց Աբրահամ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս