Բաժիններ՝

«Ժամանակն է, որ հայ աղջիկներն առաջարկեն, որ իրենք են պատրաստ գնալ ծառայության՝ առանց տարկետման իրավունքի». Գառնիկ Իսագուլյան

«Կարծում եմ՝ այդ քննարկումների ժամանակ նախարարի կոշտ պատասխանը որոշ պատգամավորների՝ օրինագծի վերաբերյալ արված հայտարարություններին, շատ տեղին էր»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների մասին:

Հիշեցնենք, որ Այսօր Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը, որին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը:

Գ. Իսագուլյանն ասաց, որ այս ընթացքում, ինչ նախարարը հռչակել է այդ գաղափարախոսությունը, նախարարի, փոխնախարարների, վարչության պետերի դռները բոլոր նրանց համար, որոնք որևէ առաջարկ, որևէ ծրագիր ունեն ներկայացնելու, միշտ բաց են եղել:

168.am-ը Գ. Իսագուլյանից հետաքրքրվեց, թե նա ի՞նչ դիրքորոշում ունի տարկետման իրավունքի վերացման դրույթի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հիմնական քննադատություններն այդ ուղղությամբ էին հնչում: Ի պատասխան՝ Գ. Իսագուլյանն ասաց. «Քանի որ բոլորն անձնական օրինակներով են առաջնորդվում, ես էլ կարող եմ անձնական օրինակ բերել. ես չորրորդ կուրսից հետո գնացել եմ, երկու տարի ծառայել եմ, հետո վերադարձել ու շարունակել եմ ուսումս, հավատացեք, որ ինչ-որ առումով՝ շատ ավելի լավ, քան մինչև չորրորդ կուրսը: Ես նույնիսկ կարող եմ առաջարկություն անել, որ ժամանակն է, որ հայ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները՝ աղջիկները, առաջարկեն, որ իրենք են պատրաստ գնալ ծառայության՝ առանց տարկետման իրավունքի»:

Կարդացեք նաև

Գ. Իսագուլյանը գտնում է, որ ամեն մեկը պետք է անցնի զինվորի դպրոցը, և ոչ թե՝ ուղղակի բաժակաճառի ժամանակ հիշի զինվորին ու ուրիշների սխրանքով փորձի ներկայացնել: Ըստ նրա՝ աղջիկները չծառայած տղաներին պետք է թերահավատությամբ նայեն. «Սովորելուն ծառայությունն ընդհանրապես չի խանգարում, դրանից հետո տղան ավելի տղամարդ է»:

Հարցին՝ արդյոք այս օրենքն ապահովո՞ւմ է կոռուպցիայի բացակայությունը, որովհետև հիմա էլ կարող են բժշկական թղթի ձեռքբերման միջոցով ազատվել ծառայությունից, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Մենք բոլորս պետք է մտածենք այս խնդրի մասին: Եթե հարևանը տեսնում է, որ հարևանի տղան շատ առողջ է, բայց չի ծառայում, նա պետք է շահագրգռված լինի իմանալու, թե պատճառը որն է: Միայն օրենքը չի կարող, մենք պետք միասնաբար ամեն ինչ անենք, որ ապահովենք օրենքի կիրառումը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս