Ճապոնիայում երկու խուրման վաճառել են գրեթե հինգ հազար դոլարով
Հոկտեմբերի 26-ին Ճապոնիայում «տենկաֆուբու» տեսակի երկու խուրման վաճառվել է 540 հազար իենով (շուրջ 4,5 հազար դոլար): Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գյուղատնտեսական ասոցիացիաների համաճապոնական ֆեդերացիայի՝ Գիֆու պրեֆեկտուրայի մասնաճյուղի վաճառքների բաժնի ներկայացուցիչ Իտո Յոսիյուկին:
«Սրանք այս տարի կայացած առաջին աճուրդներն են եւ, հավանաբար, դա նույնպես ազդել է գնի վրա, բայց այս տեսակի երկու խուրմայի՝ 540 հազար իենով վաճառվելու գլխավոր պատճառը դրանց արտասովոր քաղցրությունն է: Եթե սովորական խուրմայի մեջ շաքարի պարունակությունը կազմում է 15-16 աստիճան (ըստ Բրիքսի սանդղակի), ապա այս էլիտար տեսակի մեջ այն գերազանցում է 18-ը: Իսկ այն երկու խուրմայի մեջ, որոնք այսօր վաճառվել են Մացուզակայա խանութում, այն գերազանցնում է սանդղակի 25 աստիճանը»,-ասել է նա:
«Տենկաֆուբու» տեսակի խուրմայի ստեղծման վրա ծախսվել է 11 տարի, եւ միայն անցյալ տարի է այն հայտնվել վաճառքում: Այն ժամանակ առավելագույն գինը կազմել է 320 հազար իեն (շուրջ 3 հազար դոլար): Մեկ խուրմայի քաշը հավասար է 300 գրամի: