Հայամետ թուրք գործարարին մեղադրում են գյուլենականների հետ կապի մեջ
Հայտնի է դարձել, թե ինչ հիմքով է հոկտեմբերի 18-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել թուրք հայտնի գործարար Օսման Քավալան:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Քավալային ձերբակալելու որոշում է կայացրել այն հիմնավորմամբ, որ նա առնչություն է ունեցել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Քավալայի ձերբակալման պատճառներից մյուսն այն է, որ նա առնչություն է ունեցել 2017թ. դեկտեմբերի 18-25-ը գյուլենականների դեմ բացված գործին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հեղաշրջման հետ առնչություն ունենալու կասկածանքով նույն հետաքննության մեջ են ներգրավվել Թուրքիայում այժմ կալանավորված ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզը, Թուրքիայի Միջին Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ORSAM) նախագահ Սաբան Քարդաշը:
Նշենք, որ Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: