Զինծառայողի մահվան գործով ՊՆ հրամանատարի ձերբակալությունը «նորություն էր». «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի զինուժի կրակոցից հոկտեմբերի 10-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած եւ մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Մարգարյանի գործով նոր փաստեր ի հայտ եկան:

Հայտնի դարձավ, որ «Չապլին Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաեւ մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը եւ այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերեւույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը»: Հենց այս կասկածանքով էլ (ՀՀ ՔՕ 376-րդ 2-րդ մաս) այսօր ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն:

Մեր տեղեկություններով, ինժեներական աշխատանքներն իրականացվել են սխալ վայրում, սխալ ժամին, չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները, ինչի հետեւանքով էլ զինծառայողը հայտնվել է դիպուկահարի թիրախում: Բացի հարուցված քրեական գործից, այս դեպքից հետո նաեւ ծառայողական քննություն է նշանակվել: Մեր զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այն դեռ շարունակվում է:

Ըստ որոշ գնահատականների՝ հրամանատարի ձերբակալությունն աննախադեպ է. բանն այն է, որ հազվադեպ են նման դեպքերում պատասխանատվության ենթարկում նաեւ հրամանատարական կազմին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Չապլին Մարգարյանի մահվան դեպքով հրամանատարի ձերբակալությունը «նորություն է»: Մեր զրույցում նա ասաց, որ նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ թերություններ էին բացահայտվել՝ տեխնիկական միջոցների ապահովման, ռազմամթերքի, վառելիքի, սննդամթերքի, կապի միջոցների ոլորտում անվտանգության մատակարարման պատասխանտուների նկատմամբ քրեական գործեր չհարուցվեին, չնայած նրան, որ բավարար փաստեր առակա էին: «Սա իրապես նորություն է: Հույս ունեմ, որ սա միակ դեպքը չի լինի, երբ մեղադրանք կառաջադրվի հրամանատարական կազմից որեւէ մեկին»,-ասաց նա:

Բոլոր դեպքերում, դա կլինի սպանություն, ինքնասպանություն, հակառակորդի կրակոցից վիրավորվելու, թե մահանալու դեպքեր, բոլոր այդ գործերով պետք է հրամատարարների կողմից իրենց գործառույթների պարտականությունների կատարման կամ ոչ պատշաճ կատարման հարցը քննության առարկա դառնա: Մենք նման դեպքերով միշտ միջնորդել ենք պատասխանատվության ենթարկել, բայց միշտ մերժում ենք ստացել»,- ասաց Սաքունցը:

Հարցին, թե սա կարո՞ղ է նախադեպ լինել, որպեսզի հրամանատարական կազմն էլ ավելի ուշադիր լինի, իրավապաշտպանն ասաց, որ չի կարող սա հիմք ընդունել, որովհետեւ ՀՀ-ում ամեն ինչը տրամադրությունից է կախված կամ կոնկրետ ինչ-որ իրավիճակներից:

Իրավապաշտպանը չբացառեց, որ Չապլին Մարգարյանի դեպքով նախաքննության ավարտին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս