Եվրոպան չի պաշտպանի Կատալոնիայի անկախությունը. Եվրախորհրդարանի ղեկավար
Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին՝ Kope ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ կատալոնական ճգնաժամը պիրենեյան թագավորության ներքին գործն է:
«Եվրոպան հանդես է գալիս երկխոսության օգտին,- հավելել է ԵԽ-ի ղեկավարը:-Կարեւոր է լուծումը գտնել Իսպանիայի իրավական բազայի եւ Սահմանադրության շրջանակներում»: «Լավ կլիներ, եթե Կատալոնիայի կարավարությունը չհռչակեր անկախություն, որովհետեւ… Եվրոպայում ոչ ոք չի կարող ընդունել Կատալոնիայի անկախությունը»,-նշել է Տայանին:
Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն սպառնացել է տարածաշրջանի խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հռչակման հարցի շուրջ, եթե Իսպանիայի կառավարությունը չհամաձայնի երկխոսություն սկսել: Այդ մասին նա գրել է այն նամակում, որը հոկտեմբերի 19-ին ուղարկվել է թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյին: Ուղերձում ասված է, որ եթե Մադրիդն այսուհետեւ էլ պատրաստ չլինի բանակցություններ վարել, «Կատալոնիայի խորհրդարանը կարող է, եթե անհրաժեշտ համարի, քվեարկություն անցկացնել անկախության պաշտոնական հռչակման շուրջ»:
Մինչդեռ Իսպանիայի Նախարարների խորհուրդը, որոշել է հոկտեմբերի 21-ին նիստ անցկացնել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման համար, ինչը Կատալոնիայի իշխանություններին կզրկի լիազորություններից: «Կառավարությունը ձեռնամուխ կլինի Սահմանադրության 155-րդ հոդվածում շարադրված կարգի իրականացմանը»,-ասված է կառավարության տարածած հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: