«Ադրբեջանը հույս ունի, որ ՌԴ-ն կազդի Հայաստանի վրա ԼՂ հարցում, բայց նման գործարք չի կայանա». Զատուլին. «Ժամանակ»
«Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմամբ և գիտակցում է, որ դա լավ բանի չի բերի, դա, իհարկե, շատ լավ ազդանշան է: Ամբողջ հարցն այն է, թե կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանի այդ հավաստիացմանը, կամ որքանո՞վ են հաստատուն նման տրամադրությունները Ադրբեջանում, որովհետև հենց Ադրբեջանն է մշտապես դիմել ռազմական ուժի կիրառմանը և փորձել փոխել ստատուս- քվոն շփման գծում ռազմական ճանապարհով: «Ժամանակ» թերթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով Ժնևում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին և մեկնաբանելով մասնավորապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը բանակցությունների վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը բանակցություններից անմիջապես հետո Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելով, որ կողմերը բանակցությունների ընթացքում որևէ պայմանավորվածության չեն հասել հիմնախնդրի տարբերակների մասին, բայց պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը շփման գծում թուլացնելու համար, որպեսզի առաջնագծում չլինեն զոհեր:
«Պետք է ասեմ՝ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես լինի»,- ավելացրել էր Հայաստանի նախագահը:
Այս հայտարարությունը փոքր-ինչ տարօրինակ չի՞ հնչում: Չէ՛ որ սա նույն Ադրբեջանն է, որը սանձազերծեց 2016թ. ապրիլյան ագրեսիան, և որի քաղաքականության ու ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը մշտապես եղել է ռազմական ուժի և սպառնալիքի կիրառումը, լարվածության աճ հրահրելն ու սադրանքներ կազմակերպելը հակամարտող զորքերի շփման գծում: Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանն այժմ «շահագրգռված է թուլացնելու լարվածությունը»։
Անդրադառնալով հարցին՝ Կոնստանտին Զատուլինը շեշտում է, որ ամբողջ հարցը վստահությունն է, թե որքանով Ադրբեջանը հավատարիմ կմնա իր խոստմանը: Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի պահվածքը Ժնևում, նաև վերջին ամիսների համեմատաբար խաղաղ վիճակը վերջին ամիսներին շփման գծում, ցույց են տալիս,մ որ Ադրբեջանն աջակցություն չի զգում իր ռազմական նախաձեռնություններում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: