«ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել». Կարեն Վերանյան

Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի հետ

– Պարոն Վերանյան, Սերժ Սարգսյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթ ունեցավ, որտեղ անդրադարձավ մի քանի թեմաների։ Ձեզ համար որո՞նք էին այդ ելույթի ամենակարևոր կետերը։

– Նախագահն ասաց այն, ինչ մինչ այժմ շեշտադրվել է։ Այն ռազմավարությունը, որ Հայաստանն իրականացնում է իր արտաքին քաղաքականությունում, այդ ռազմավարության կետերի շուրջ տեղի ունեցավ վերահաստատում։ Մեկ կետի վերաբերյալ հետաքրքիր դիտարկում կարելի է անել. Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի մասով նախագահի դիտարկումն ուշագրավ էր այն առումով, որ Հայաստանը պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։ Նախագահը որոշակի քաղաքականացված մոտեցում ցուցաբերեց այդ հարցի նկատմամբ։ Եթե ժամանակին հայկական իրականության մեջ խոսվում էր օրենքն ընդունելու կամ չընդունելու մասին, ապա նա ընդգծեց այս հարցի քաղաքական կողմերը, այսինքն՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի համատեքստում հարցի ձևակերպումը, փաստորեն, հնչեցվեց նաև Ռուսաստանում։ Սա որոշակի մեսիջ է թե՛ ՌԴ-ին, թե՛ ԵՄ։

– Իսկ ի՞նչ մեսիջ էր սա։

– Եթե նայենք հարցի քաղաքական տեսանկյունը, ապա ռուսական կողմին մեսիջ էր այն առումով, որ Հայաստանը պաշտպանում է ՌԴ-ի դիրքորոշումը տվյալ հարցի հետ կապված, սակայն քաղաքական տեսանկյունից նա ՌԴ-ի հետ կոնսենսուսի մասին է խոսում։ Այսինքն՝ ռուսական կողմին սա նաև մեսիջ էր այն առումով, որ Հայաստանը խնդիր է տեսնում այս օրենքի ընդունման միջոցով՝ ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների առումով։

– Նոյեմբերին նախատեսվում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է այս անգամ էլ այն չստորագրվել, թե՞ այս համաձայնագիրը վտանգներ չի պարունակում Ռուսաստանի համար, և այս անգամ արտաքին ճնշումներ չեն լինի։

Կարծում եմ՝ ՌԴ-ի խնդիրը չէ այստեղ, քանի որ համաձայնագիրը պետք է հայկական կողմը ստորագրի, այսինքն՝ խնդիրը երկուստեք պետք է դիտարկել։ Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված է, որ Հայաստանը բացառապես մասնակցի եվրասիական ինտեգրացիային՝ տնտեսական, մշակութային, նաև ռազմաքաղաքական կոնտեքստում, և ցանկացած քայլի, որը կհակասի ՌԴ-ի շահերին, նա կընդդիմանա։ Այստեղ հարցը զուտ Հայաստանի տեսանկյունից պետք է նայել։ Կան դրական հատվածներ, որոնք Հայաստանը կարող է ստանալ ԵՄ-ի հետ համագործակցությունից, թեկուզ այդ համաձայնագրի տեսքով, եթե համաձայնագրի այն կետերը, որտեղ հայկական կողմը բացասական երանգներ է տեսնում, քննարկվեն, փոփոխվեն, և տեղայնացման հնարավորություն տրվի Հայաստանին։ Եթե նման հնարավորություն տրվի, ապա այստեղ խնդիր չի լինի, որովհետև եվրոպական ընտանիքից Հայաստանը շատ բան ունի սովորելու։

Այսինքն՝ տեղայնացման միջոցով այդ ամենը յուրացնել։ Կան նաև կետեր, որոնք հակադրության մեջ կարող են մտնել՝ պահպանողական ապրելակերպի, կենցաղի հետ կապված։ Դա ենթադրում է հոգևոր արժեքների ոլորտում խորքային խնդիրներ։ Փոփոխված տարբերակով համաձայնագիրն ընդունելի կլինի։

– Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի՞ շրջանակային համաձայնագիրը։

– Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, դատելով ներկայիս քննարկումների տրամաբանությունից, եթե փոփոխման ենթակա չլինի, միգուցե հետաձգվի ստորագրումը։ Հայկական կողմը նույնպես շահագրռված չէ, որ վերջնականապես ասի, թե դեմ է նման համաձայնագրի ստորագրմանը, ու այդ հարցը մեկընդմիշտ փակի։ Կարծում եմ՝ հայկական կողմին այս պահի դրությամբ շահավետ է, որ ինչ-որ ժամանակ ունենա մանևրելու համար։ Եթե փոփոխելու հարցեր լինեն եվրոպական կողմից, ապա կարելի է քննարկել դրանք։ Եթե ոչ, ապա, դատելով ընդհանուր տրամադրվածությունից, կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ հայկական կողմը կգնա այն քայլին, որ համաձայաննրի ստորագրումը որոշակի ժամանակով կհետաձգվի։

Չնայած՝ համաձայնագիրը ստորագրվում է ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև, բայց քաղաքական տեսանկյունից ՌԴ-ի դերը բավականին զգալի է, և չի բացառվում, որ Ռուսաստանն առաջարկի որոշակի պայմաններ, ծրագրեր, կամ ընդառաջ գնա հայկական կողմին այս կամ այն հարցում՝ նրա դիմաց, որպեսզի հայկական կողմը որոշակի զիջումների գնա կոնկրետ համաձայնագրի ստորագրման հետ կապված։ Այսինքն՝ չի բացառվում նաև քաղաքական հարթությունում հարցի կարգավորումը, որովհետև, եթե ընդհանուր նայենք, ապա հարցը վերաբերում է մարդու իրավունքներին, ժողովրդավարության զարգացմանը, տնտեսական խնդիրներին, բայց գլոբալ եթե հարցը վերցնենք, ռեգիոնալ առումով այն կարևորագույն քաղաքական նշանակություն ունի, ու չի բացառվում, որ համապատասխան իրավիճակ ստեղծելով՝ Հայաստանը կարողանա որոշակի դրական կողմեր քաղել թե՛ Ռուսաստանից, եթե վերջինս նման առաջարկներ անի, թե՛ ԵՄ-ից։ Հայաստանին միանշանակ ձեռնտու չէ, որպեսզի ճնշող առումով կախվածության մեջ լինի որևէ երկրից։ Այլ է խնդիրը պաշտպանական, անվտանգային ոլորտում, և կարծում եմ՝ այսօր մեր ունեցած համակարգի դեպքում Ռուսաստանն անփոխարինելի է այս պահի դրությամբ։ Իսկ այլընտրանք, այսօրվա դրությամբ, ըստ էության, չկա։

– Այսինքն՝ Դուք համաձայն եք այն կարծիքների հետ, որ ՆԱՏՕ-ն չի կարող այլընտրանք լինել ՀԱՊԿ-ին։

– Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ խորացած գործակցությանը զուգահեռ՝ շարունակում է հարաբերությունները զարգացնել ՆԱՏՕ-ի հետ։ Բայց մեկ օրինակ բերեմ՝ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ-պետություններից մեկը, այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած։ Ավելին, այսօր տրվել է մեկնարկը մի գործընթացի, որի արդյունքում Թուրքիան կարող է առաջիկա տասնամյակների ընթացքում ներքին ռազմական բախումների համատեքստում կազմաքանդվել։ Որևէ երաշխիք չկա, և առավել ևս, ՆԱՏՕ-ն չի տալիս այդ երաշխիքները, որ պետք է այդ գործընթացները մեղմվեն կամ զսպվեն։ Այսօր մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև էլ խնդիրներ կան։ ԵՄ-ն լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, սառը վիճակում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, այնքան էլ հստակ չէ՝ Թուրքիան կկարողանա՞ այս իրավիճակից դուրս գալ, թե՞ ոչ, այնքան էլ հստակ չէ՝ Թուրքիայի ներքին խնդիրները կլուծվե՞ն, թե՞ ոչ։

Սպասելիքները, որ ՆԱՏՕ-ն կհանդիսանա այընտրանք ՀԱՊԿ-ին, կարծում եմ՝ այդքան էլ իրատեսական չեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-ռուսական գործակցությունը պաշտպանական ոլորտում և ընդհանրապես ՌԴ-ի ռազմաքաղաքական գործոնի դերը Հայաստանի պաշտպանական, անվտանգային համակարգում այլընտրանք այս պահին չունի։ Իհարկե, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կազմում է ՀՀ անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը, այլապես հայկական կողմը միանշանակ կուղղորդվեր դեպի ՌԴ։ ՆԱՏՕ-ն էլ իր հերթին՝ «կամ-կամ»-ի հարցը չի դնում։

– Դուք հիշատակեցիք Թուրքիայի օրինակը, բայց Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած՝ անկանխատեսելի է, Էրդողանն իր դիրքերն ամրապնդելու համար, գիտենք, ամեն ինչի ընդունակ է, հետևաբար՝ որքանո՞վ էր տեղին համեմատությունը Հայաստանի հետ։

– Իհարկե, միանշանակ համամիտ եմ, որ Թուրքիայի իշխանությունների վարքագիծը, ի դեմս հենց Էրդողանի, անկանխատեսելի է։ Հայաստանի հետ համեմատելու խնդիր չկա այստեղ, ես պարզապես օրինակ բերեցի, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամներից մեկը, այս պահի դրությամբ որևէ երաշխիք, որևէ աջակցություն չի ստանում ՆԱՏՕ-ի կողմից։ Բրյուսելն ինքն ունի որոշակի վերապահումներ՝ Թուրքիայի հետ գործակցության հետ կապված։

Տեսանյութեր

Լրահոս