Բաժիններ՝

«Ադրբեջանը չի գնա պատերազմի. դա շատ թանկ արժե». Դավիթ Հովհաննիսյան

«Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և ամբողջ աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է։ Նման քաոտիկ ժամանակաշրջանում, որին երջանկություն ունենք ականատես լինելու, ինքնապաշտպանական բնազդը ստիպում է, որպեսզի ավելի կառավարելի դառնաս, ուրիշի սխալները քեզ վրա չզգաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց արևելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության սկզբունքն այսօր նույնիսկ ավելի մեծ հարցականի տակ է դրվում, քան սառը պատերազմի ավարտից հետո. «Հիմա լրիվ այլ իրավիճակ է, որը ցույց է տալիս՝ հստակ միտում կա, որ ինքնորոշման սկզբունքը դառնա գոնե առաջիկա ժամանակաշրջանի համար, ոչ թե առաջնային ռեալ-պոլիտիկի դաշտում»։

Արևելագետն այն կարծիքին է, որ 1988թ.-ից Հայաստանի շուրջ եղած իրավիճակը միշտ բխել է մեր շահերից. «Արցախի հաղթանակը մեծագույն բան է, այդ մարդիկ անվտանգ են այսօր։ Սա թերագնահատում ենք, մեր հասարակությունն է քննադատում, մեր անտաղանդ, բազմավեկտոր քաղաքականությունը»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Իրաքյան Քուրդիստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեներին Ադրբեջանն ի՞նչ կերպ կարձագանքի Արցախում, արդյո՞ք մեծ պատերազմի վտանգ կա առաջիկայում։ Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը ոչ լիովին ինքնուրույն է ձևակերպում իր քաղաքականությունը, ուստի ասել, թե Ադրբեջանից ինչ քայլեր կարելի է սպասել, լիարժեք հարց չէ.

«Ես միշտ դա կապել եմ մեծ նավթի ավարտի հետ, որովհետև մեծ նավթն ավարտվում է, ինչը բերելու է ներքին իրավիճակի խիստ լարման, որը կառավարող ռեժիմի համար հաղթահարելու ամենաբութ միջոցը պատերազմն է։ Որքանո՞վ այդ պատերազմը հնարավոր կլինի այն դեպքում, երբ սպառազինությունը կա, նավթային միջոցներ դեռ ստանում են։ Պատերազմը վտանգավոր է այդ ռեժիմի համար։ Մեծ պատերազմը նշանակում է, որ արագ հաղթանակ չկա, և երկրի ներսում լուրջ կորուստներ են։ Ամեն վայրկյան կրակվող փամփուշտները, արձակվող հրթիռները փող արժեն, և այդ պաշարներն անընդհատ պետք է նորոգվեն։ Երբ տարիներ առաջ ինձ հարցնում էին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կհարձակվի Իրանի վրա, ես ասում էի՝ ոչ, դա շատ թանկ է։ Այնպես որ, նույնն այս դեպքում է»։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ դրանք կարող են նորմալանալ միայն այն դեպքում, եթե Թուրքիան ցանկություն ունենա կարգավորել իր հարաբերությունները գերտերություններից որևէ մեկի հետ. «Եթե դուք պարագծով նայեք, ապա ամենահեշտ հարցը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է։ Չգիտեմ՝ արձանագրությունների՞ ձևով, որին ես կտրուկ դեմ եմ, թե՞ նորմալ փաստաթուղթ ստորագրելու ձևով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս