«Հայաստանում խորանում է մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը». Միլան Շտեխ

«Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ քննարկել ենք երկու երկրների համագործակցության հարցեր, որոնք վերաբերում են թե՛ միջխորհրդարանական դիվանագիտությանը, թե՛ միջպետական հարաբերություններին: Չեխիան հանդիսանում է Եվրոպայում մեր ամենակարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ հանդիպումից հետո:

Ըստ նրա` իրենք քննարկել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը` փաստելով, որ այն ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որը կանխելու համար կարևոր է ճանաչումը: Բաբլոյանը նաև նշեց, որ անդրադարձել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավոմանը, մասնավորապես` ՄԽ հովանու ներքո բացառապես խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական քաղաքականությանը և շփման գծում տիրող սանձազերծված ագրեսիային:

Մ.Շտեխի խոսքով` մեր երկու երկրներն իրարից մի քանի հազար կիլոմետր հեռու են, բայց ունենք շատ մոտ բաներ, օրինակ՝ կրոնը` քրիստոնեությունը.

«Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը, և մենք էլ կիսում ենք այս կրոնը: Եվ մենք ունենք շատ նման խնդիրներ, որովհետև երկուսս էլ փոքր պետություններ ենք, և մեզ վրա շատ ճնշում կա մեծ պետությունների կողմից: Շատ ուրախ ենք և ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում խորանում է մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը, որը շատ գնահատելի է: Հայաստանին դիտում եմ՝ որպես ժողովրդավարական երկիր, որտեղ ազատ, անկախ ընտրություններ են անցկացվում և որտեղ կա խոսքի ազատություն»:

Տեսանյութեր

Լրահոս