Կատալոնիայում հանրաքվեի կապակցությամբ աշխատելու են միջազգային դիտորդներ
Ընտրական գործընթացների ոլորտի 14 միջազգային փորձագետներից բաղկացած խումբը սեպտեմբերի 26-ին սկսում է աշխատել Կատալոնիայում, որտեղ հոկտեմբերի 1-ին պլանավորված է ինքնորոշման հանրաքվե: Այդ մասին հայտնել է El Pais իսպանական թերթը:
Հրատարակության տվյալներով՝ նրանց բնակելի ու աշխատանքային հարկաբաժիններ են հատկացված Բարսելոնայի կենտրոնական հյուրանոցներում: Նրանք Կատալոնիայի ինքնորոշման հանրաքվեին հետեւելու են մինչեւ հոկտեմբերի 3-ը:
Խումբը գլխավորում են նիդեռլանդացի Դաան Էվարտսը եւ Նոր Զելանդիայից՝ Հալեն Քաթը: Խմբի մնացած մասնակիցները հայտնի չեն, սակայն նրանք բոլորն էլ կապված են ռազմավարական հետազոտությունների Հաագայի կենտրոնի՝ Նիդեռլանդների «ուղեղների կենտրոնի» հետ:
Սպասվում է, որ դիտորդական առաքելության մասնակիցները կաշխատեն յոթ խմբով՝ յուրաքանչյուրում երկուական մարդ: Երկու խումբ կմնա Բարսելոնայում, մյուսները կուղեւորվեն Ժիրոնա, Լեիդա, Տարագոնա, Սաբադել եւ Վիկ:
Բացի այդ, սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Բարսելոնայում կգտնվեն Եվրախորհրդարանի շուրջ 30 պատգամավորներից բաղկացած խումբը եւ մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունից, Նոր ֆլամանդական դաշինքից, Շին Ֆեյն հյուսիսիռլանդական կուսակցությունից, ինչպես նաեւ խորհրդարանականներ՝ Շվեյցարիայից, Դանիայից եւ Նորվեգիայից: Նրանց կընդունեն Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ Կատալոնիայի խորհրդարանի անդամները: Հոկտեմբերի 1-ին կկազմակերպվեն նրանց ուղեւորությունները Բարսելոնայի տարբեր շրջաններ:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում նախատեսվում է անցկացնել ինքնորոշման հանրաքվե, չնայած այն բանին, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանն այն ճանաչել է անօրինական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: