Բաժիններ՝

Սպառնացել են Նաիրի Հունանյանի մոր պես տուժողին խեղդել ու ջուրը գցել, իսկ նրա որդուն՝ բանտում ոչնչացնել

Երեկ դատարանում ցուցմունքներ տվեց ՀՀ Ազգային ժողովում 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը: Նա առանձնապես խոշոր չափերի խարդախության և նույնչափ կաշառք տալու փորձին դրդելու վերաբերյալ գործով վկա է, իսկ նրա մայրը՝ տուժող:

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ վկան հայտնեց, որ ընտանիքի անդամներից հետագայում իմացել է, որ 20 հազար դոլար են պահանջել իրեն համաներում կամ ներում շնորհելու, իրեն համապատասխան ցուցակում ընդգրկելու համար, պահանջված գումարից իր հարազատները տվել են 12 հազար դոլարը: Է.Գրիգորյանը հայտնեց, որ «գործարք» առաջարկողների կողմից պայման է դրվել՝ ինքը չպետք է իմանար այդ մասին, ուստի այդ մասին իմացել է հետագայում՝ հարազատներից:

Մասնավորապես, ցմահ դատապարտյալն ասաց, որ իր որդուց իմացել է, որ տատին ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում է փող վերադարձնելու մասին, «ոնց որ քո (ցմահ դատապարտյալի) հետ է կապված»:

Հետագայում իմացել է նաև, որ իր հարազատների կողմից գործարքը կիսատ թողնելու դեպքում ամբաստանյալը սպառնացել է՝ վատ կլինի, ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում:

Ըստ վկայի, նախ ամբաստանյալ Թերեզա Սարգսյանն ասում էր, որ այսօր-վաղը կվերադարձնի, հետո կտրուկ հրաժարվել է վերադարձնել: «Սկսեցինք սպասել, միգուցե վերադարձնի», հետո «շատ արագ դոսիեն իմացա, որ իմանամ, թե ում հետ գործ ունենք»:

Ամբաստանյալի հարցին, թե որքանով է ինքը՝ վկան, համոզված, որ գումարը հասել է իրեն՝ ամբաստանյալին, վկան պատասխանեց. «Այն որ հասել է, ես վստահում եմ ընտանիքի անդամների ասածներին»: Նա հավելեց, որ իմացել է, որ ամբաստանյալը նախկինում նույն մեղադրանքով դատվել է:

Վկան, ի պատասխան հարցերի, հայտնեց, որ իր մորը սպառնացել են Նաիրի Հունանյանի մոր պես խեղդել ու ջուրը գցել, իսկ իրեն՝ բանտում ոչնչացնել:

«Չեմ էլ ուզում մեկնաբանել՝ հիմարություն է», – ասաց Էդուարդ Գրիգորյանը՝ հավելելով, որ 4-5 ամիս սպասել է և դիմել ԱԱԾ աշխատակցին, նրա խորհրդով էլ՝ ՀՀ գլխավոր դատախազին:

Տեղյակ չե՞ք, թե ինչ պաշտոնյաների պետք է կաշառեր ամբաստանյալը հարցին վկան պատասխանեց, որ ինքը լուրջ չի վերաբերվել այդ ամբողջին, որպեսզի հարցներ, թե ինչ պաշտոնյաների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12 000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս