Բաժիններ՝

«Մեր խոստումը» երաժշտական ներկայացումը խորապես հուզեց արվեստասերներին

«Մեր խոստումը» խորագրով երաժշտական ներկայացումը առիթ է վերականգնելու հայ ժողովրդի քաղաքացիական երդումը, խոստումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ներկայացման առաջնախաղի բացմանը նշեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Բեմադրության պրեմիերան անցկացվեց սեպտեմբերի 22-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Յակուբյանի խոսքով` չնայած բազմաթիվ խոչընդոտներին, հակաքարոզչությանը` «Խոստումը» ֆիլմը ցեղասպանութան իրողությունը կարողացավ լավագույնս ներկայացնել: «Կարծում եմ, որ բեմադրությունը նույնպես իր նպատակին կծառայի»,-ասաց նա:

«Այս նախագծի միջոցով ևս մեկ անգամ կխոսենք այն արհավիրքի մասին, որը տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ: Բեմադրությունը կառուցվել է «Խոստումը» կինոնկարի լիբրետտոյի և սաունդթրեքների հիման վրա: Մաեստրո Էդուարդ Թոփչյանի առաջարկով նաև օգտագործվել են հատվածներ Մոցարտի «Ռեքվիեմ»-ից: Բեմադրությունը մեկ գործողությամբ հետաքրքիր բալետային գործ է»,-շեշտեց ներկայացման բալետմայստեր Արման Ջուլհակյանը:

Անդրադառնալով «Խոստումը» կինոնկարին` բեմադրության բալետմայստեր Արա Ասատուրյանն ասաց, որ ժապավենի դրական կողմերից մեկն այն է, որ ռեժիսորը չէր կենտրոնացել ցեղասպանության արյունալի տեսարանների վրա: Շեշտը դրված էր հերոսների ապրումների, սիրո, հավատարմության վրա: Մենք էլ այս ներկայացման մեջ ենք փորձում սիրո պատմություն ներկայացնել վառ, ցայտուն կերպարների միջոցով: Կարևորում եմ նաև երեխաների մասնակցությունը: Նրանք ասես մեր ժողովրդի պահապանները լինեն: Երեխաների օգնությամբ ուզում ենք ասել, որ ամեն դեպքում արդարությունը մեր կողմն է և ինչպես ֆիլմի, այնպես էլ բեմադրության հերոսը կարողացավ անցնել այդ ամենի միջով ու շարունակեց ապրել»,-ընդգծեց Ասատուրյանը:

Առաջնախաղին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, կինոնկարի ստեղծմանն իրենց մեծ ներդրումն ունեցած պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, անվանի կինոգործիչ Մայք Մեդավոյը:

Ներկայացման առաջնախաղը դիտելու էր եկել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Նա նշեց, որ կինոնկարը դիտելով` շատ է տպավորվել և կարծում է, որ նման ֆիլմ վաղուց պետք է նկարահանվեր: «Լավ է, որ ցեղասպանության մասին ոչ միայն վավերագրական, այլև գեղարվեստական կինոնկարներ են ստեղծվում: Ռեժիսորն այնպես է կառուցել կինոն, որ պատմությանը անծանոթ մարդը կարողանում է մեծագույն հետաքրքրությամբ նայել այն. անգամ թուրքը այս ժապավենը դիտելուց հետո կփորձի հասկանալ, թե որն է իրականությունը»,-ասաց ըմբշամարտիկը և հավելեց, որ ֆիլմում բոլորն էլ յուրահատուկ կերպարներ են, բայց իրեն շատ է դուր եկել լրագրողը, որին մարմնավորել էր Քրիստիան Բելը: «Նա տղամարդու վեհ կերպար էր կերտել: Ընդգծեմ, որ այսօրվա ներկայացումից էլ մեծ սպասելիքներ ունեմ»,-նշեց մարզիկը:

Բեմադրության հիմքում ֆիլմի օրիգինալ երաժշտությունն ու պատմությունն էին: Կենդանի կատարմամբ հնչեց «Սարի սիրուն յար» երգը, որը նորովի մշակել էր ժապավենի երաժշտական խորհրդատու, Գրեմմի մրցանակակիր Սերժ Թանկյանը: Այն կատարեց Վերոնիկա Ստալդերը:

Ներկայացման կարևորագույն մասն էին կազմում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը ղեկավարում էր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և «Հովեր» երգչախումբը, որը ղեկավարում էր Սոնա Հովհաննիսյանը:

Պարային ներկայացման մասնակիցներն էին Մայր Աթոռ Սբ, Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդաց Տան «Նարեկ» պարային խմբի անդամները: Բալետմայստերներ՝ Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան: Բեմադրության ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն էր:

Ներկայացումն ուղեկցվում էր «Խոստում» ֆիլմից դրվագներով: Այն դուր եկավ հանդիսատեսին ու խոր զգացմունքներ արթնացրեց` հուզելով նրանց:

«Մեր խոստումը» երաժշտական ներկայացումը ժամանակակից բալետ է` ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից: Ֆիլմի բնօրինակ և պարային երաժշտական լուծումների միջոցով հանդիսատեսն ականատես դարձավ գաղթի սարսափելի տեսարաններին, հերոսների սիրո, տանջանքի և հույսի դրսևորումներին, որոնց մասին գլխավոր հերոս Միքայելը գաղթի ճանապարհին պատմում է փոքրիկ Մարիային: Հայ ժողովրդի հավաքական կերպարը ներկայացված էր «Ոգու» և մանուկների պարային երկխոսությամբ:

«Խոստում» ֆիլմը նկարահանել է ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջը 2016 թվականին: Այն հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է: Ժապավենի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Հայաստանում կինոժապավենի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին: «Խոստում»-ը ցուցադրվել է հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս