«Ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորցրած բլուրներն իրենցից մի բան չեն ներկայացնում». Մոսկվաբնակ քաղաքագետ
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին հարցրեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Արցախի տարածքների հանձնման մասին հայտարարություններին:
Ա. Միհրանյանը նախ զարմացավ հարցից, այնուհետև այսպես պատասխանեց. «Ինձ այնպես է թվում, որ Հայաստանում որոշ շրջանների կամ հատվածների քաղաքական գործիչները, քաղաքագետները կամ լրագրողները եթե մի բանը չեն ուզում լսեն, ուղղակի չեն լսում: Նույնիսկ Էդիկն այդ մասին երեկ կատակեց՝ ասելով, որ «երեք ժամ այդ մասին խոսում եմ, դուք նորից ինձ այդ հարցն եք տալիս, էլ քանի՞ անգամ ու քանի՞ ժամ պետք է այդ նույն բանը բացատրեմ»: Նախագահն անցյալ տարի 7 ժամ խոսել է, թե մենք ինչ ենք ուզում, որ տարածքներին հնարավոր չէ ձեռք տալ, այդ հարցի լուծումն ինչպես կարող է լինել, կոմպրոմիսներն ինչպես կարող են լինել, ես էլ այդ մասին բացեիբաց գրել և ասել եմ»:
Ա. Միհրանյանի խոսքով՝ Արցախի միջանկյալ ստատուսն առաջին անգամ ռևոլյուցիոն մի իրադարձություն կլինի հայ-ադրբեջանական հարաբերություններում.
«Փաստորեն, Ադրբեջանը համաշխարհային համայնքի առաջ կընդունի, որ այդ տարածքներն Ադրբեջանինը չեն, համենայն դեպս, դա խնդրահարույց տարածք է: Ադրբեջանական կողմն ուզում է ոչ թե Ղարաբաղի բուն տարածքների վերադարձը, այլ այդ 7 շրջաններից 5 շրջանի վերադարձը, բայց հայկական դիրքը, կարծում եմ՝ շատ հստակ է, որ, եթե ասված է, որ փաթեթային պետք է լինի որոշումը, ուրեմն՝ մինչև այդ շրջանների վերադարձնելն ամեն ինչը թղթի վրա պետք է գրված լինի, միջազգային համայնքը պետք է տեղյակ լինի, երաշխիքները պետք է լինեն, այդ դեպքում միայն կարելի է անցնել այդ միջանկյալ ստատուսին: Այնքան է այդ հարցը քննարկվել, որ Սերգեյ Լավրովն այդ մասին շատ անգամ ավելի լավ գիտի, քան Հայաստանի բոլոր լրագրողներն ու քաղաքական գործիչները՝ միասին վերցրած, բացառում եմ, իհարկե, Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին, Արկադի Ղուկասյանին, մի քանի ուրիշներին, որոնք գիտեն այդ մասին, խոսում են այդ մասին, բայց զարմանում եմ, որ դա տեղ չի հասնում»:
Քաղաքագետը նշեց, որ ինքը լսել է Ղարաբաղում գեներալներից, սպաներից, զինվորականերից՝ «ոչ մի թիզ հող մենք չենք վերադարձնելու» հայտարարությունները. «Այս մոտեցումով մենք ո՞ւր ենք գնալու, ո՞ւմ հետ կարող ենք խոսել, ուրեմն՝ մենք պետք է նստենք, մեր մեջ խոսենք, սա կլինի ամենաանպատասխանատու, ամենաապուշ վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Նախագահը շատ լավ է ասել՝ կարո՞ղ է մենք ղարաբաղյան շարժումը սկսել ենք, որ ադրբեջանցուց հող գրավենք, մեզ հետո ո՞վ կխոսա»:
Ա. Միհրանյանի դիտարկմամբ՝ անցյալ տարվա պատերազմը ցույց տվեց, որ, եթե Բաքուն, օգտվելով ինչ-որ ուժից, զենքերի տարբերություններից, պատերազմ սկսի, և չկարողանան լուծել այդ հարցը մի քանի օրվա ընթացքում, այդ հարցը երբեք չի կարող լուծվել ռազմական եղանակով. «Որովհետև, եթե լինի այդ առճակատումը ու վերածվի լայնածավալ գործողությունների, մեծ տերությունները թույլ չեն տա, որ նման իրադարձությունները դառնան մի նոր մեծ օջախ Միջին Արևելքի կողքին: Ես տեսել եմ այդ բարձունքները, փաստորեն, մի որոշ հատվածում բլուրի տակից բարձրացել է ադրբեջանական կողմը, բայց իրենք 7 շրջաններն են կորցրել, ամբողջ Ղարաբաղն են կորցրել, որ համարել են իրենցը»:
Դիտարկմանը, թե՝ Բակո Սահակյանն ասել է, որ կարևոր նշանակություն ունեցող դիրքեր են եղել, որ մենք ապրիլյան պատերազմին կորցրել ենք, Ա. Միհրանյանն այսպես պատասխանեց. «Ես ինքս հենց Բակո Սահակյանի հետ եղել եմ Հադրութի ճակատում, ինքս տեսել եմ այդ բլուրները, ոչ մի այդպիսի տագնապային բան չեմ տեսել այնտեղ, այդ բլուրները գուցե ինչ-որ նշանակություն ունեն, բայց այդ բլուրներն իրենցից մի բան չեն ներկայացնում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: