Ռուսաստանի «լեզվական քաղաքականության» հայկական հեռանկարները
Ներածություն
Իր գոյության տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովրդի` դարերով պետականությունից զրկված լինելու փաստը, թերևս, հայտնի է յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ հետաքրքրված է համաշխարհային պատմությամբ: Սակայն ի տարբերություն հին աշխարհի՝ մոռացության մատնված շատ ժողովուրդների՝ հայերն անցել են հազարամյակների միջով, ոչ միայն չեն ձուլվել հարևան առավել մեծաքանակ ազգերի հետ, այլև պահպանել են իրենց ազգային ինքնությունը գրեթե իր նախնական տեսքով: Ինքնապահպանմանն а priori նպաստել են չորս գործոններ` լեզուն, գիրը, հավատը և, իհարկե, կյանքի նկատմամբ հայերի անընկճելի ձգտումը:
Հայ ժողովուրդը դարերի միջով անցել է հռոմեացիների, պարսիկների, արաբների, մոնղոլների, թուրքերի, ռուսների կառավարման ներքո, անցել է նույնիսկ Ցեղասպանության միջով` բոլոր հնարավոր սպառնալիքներին դեմ հանդիման պահպանելով իր ինքնատիպությունն առավելապես այդ չորս գործոնների շնորհիվ:
1991թ. Խորհրդային Միության փլուզումը և Հայաստանի երրորդ անկախ Հանրապետության կազմավորումը, թվում էր՝ վերջ դրեցին հավերժական սպառնալիքին՝ ուղղված հայ ժողովրդի գոյությանը` որպես միջազգային իրավունքի անկախ և ինքնիշխան սուբյեկտ՝ իր լեզվով, գրով և կրոնով: Սակայն վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ վտանգը դեռևս կա, և ցավոք սրտի այն գալիս է հայերի մեծ մասի կողմից բարեկամական համարվող Ռուսաստանից:
Խնդրի էությունը
Այդ նույն ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ Ռուսաստանի քաղաքականությունն ինչպես Հայաստանի հանդեպ, այնպես էլ ողջ նախկին հետխորհրդային տարածության մեջ, հատկապես Վլադիմիր Պուտինի կառավարումից սկսած, շարունակում է բնութագրվել մի շարք սպառնալիքներով: Այս ուսումնասիրության համատեքստում չխորանալով մանրամասնությունների մեջ՝ նշենք միայն, որ միջպետական հարաբերություններում այդ սպառնալիքների շրջանակը սկսվում է լեզվի հարցում ճնշումից և ավարտվում բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ ուղղակի ահաբեկչության կիրառման քաղաքականության քողարկված սպառնալիքով:
Հայաստանում, ամեն դեպքում, հասարակության գիտակից հատվածի կողմից այդ բոլոր սպառնալիքները գիտակցվում են և ռուս գործընկերների առջև ԶԼՄ-ների ու անհատների մակարդակով պարբերաբար բարձրաձայնվում: Այս լույսի ներքո «կիրիլիցային` ԱՊՀ տարածքում որպես միասնական գրատեսակ վերադառնալու» և «Հայաստանում ռուսաց լեզուն պաշտոնապես ամրագրելու» առաջարկը հանրապետությունում պարզապես չէին կարող չընդունել սվիններով, և այն չարժանանար մինչ այժմ չհանդարտվող քննադատության:
«Լեզվական խաղը» սկսվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկեց ոչ ավել, ոչ պակաս վերադառնալ ԱՊՀ տարածքում միասնական այբուբենին` կիրիլիցային: Վերջին 10 տարիներին գրատեսակների արաբականացումը և լատինացումը բնութագրելով միանգամայն ցավոտ հարց` Վասիլևան բարձրաձայնեց ԱՊՀ տարածքում միասնական գրատեսակին վերադառնալու անհրաժեշտությունը: Վկայակոչելով որոշ խորհրդավոր հարցումների արդյունքներ` ռուս նախարարը հայտարարեց, որ “մերձավոր արտասահմանի” ժողովուրդները, այդուհանդերձ, խոսում են կիրիլյան տառատեսակին կապված լինելու և անհրաժեշտության մասին: Պաշտոնյան նաև ընդգծել է «կիրիլյան գրատեսակի տարածման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հստակորեն պահելու անհրաժեշտությունը»:
Ռուս նախարարի մեծ արձագանք գտած հայտարարությունից չէր անցել մեկ ամիս, երբ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն արդեն իսկ առաջարկեց Հայաստանում պաշտոնապես ամրագրել ռուսաց լեզուն: Ամենահետաքրքիրն այն է, որ ռուսական պետության չորրորդ դեմքն առաջարկեց դա անել հանուն «հայ վարորդների իրավունքների»:
2017թ. հունիսի 1-ին Ռուսաստանի տարածքում ուժի մեջ մտան «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» և ՌԴ «Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» դաշնային օրենքները, որոնցով օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգային վարորդական վկայականներով աշխատել որպես վարորդ: Սակայն արդեն հուլիսի 14-ին Պետդուման ընդունեց մի օրենք, որով Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի, ինչպես նաև այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը հռչակված է որպես պաշտոնական լեզու, թույլատրվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգային վարորդական վկայականներով աշխատել որպես վարորդ: Արդյունքում ԵՏՄ անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատելուց զրկվեցին միայն Հայաստանի ներգաղթյալ վարորդները:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքի ճանաչման անհրաժեշտության հարցը` նշելով, որ Պետդումայի կողմից ընդունված օրենքը Հայաստանի քաղաքացիներին գրեթե զրկել է Ռուսաստանում աշխատելու հնարավորությունից: «Ես կարող եմ միայն մեկ բան ասել` ռուսերենը հռչակեք որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքի նորմն ինքնաբերաբար կտարածվի նաև Հայաստանի վրա», – հետևել է Վոլոդինի պատասխանը:
Հայացք Երևանից
Երևանի արձագանքը ռուսական լեզվական դեմարշին և մոսկովյան «մարտի միջոցով հետախուզությանը» միանգամայն կանխատեսելի բնույթ կրեց: Բաղրամյան-26 հասցեում գտնվող կառույցի ղեկավարն ինչպես միշտ պատասխանեց լռությամբ: Որևէ գնահատական տալուց շարունակում են խուսափել վարչապետը, արտաքին գործերի նախարարը, իսկ խորհրդարանի նախագահի մասնակցությունը հանգեցրեց իր ռուս գործընկերոջը խոսքով խայթելուն:
Սակայն խորհրդարանի խմբակցությունների պատգամավորները ռազմավարական գործընկերոջ լեզվական ոտնձգությունների վերաբերյալ իրենց կարծիքներում գործնականորեն միասնական էին, ընդ որում, ինչպես իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ), այնպես էլ համակարգային ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները: Եվ ի տարբերություն Վասիլևայի կողմից հնչեցրած և հետևապես անհամոզիչ փաստարկների` հայ խորհրդարանականների կարծիքները միանգամայն հիմնավորված էին հնչում:
Այսպես, «Առավոտ» թերթի մեր գործընկերների խնդրանքով արձագանքելով Վասիլևայի առաջարկին՝ խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր դարավոր այբուբենը: Նշելով, որ աշխարհում իր սեփական այբուբենն ունի ընդամենը 10-12 ժողովուրդ` հանրապետական պատգամավորը հայտարարել է, որ հայ ժողովրդի ամենամեծ նվաճումը ոչ ոք չի կարող խլել: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Ռուսաստանի կրթության նախարարի հայտարարությունն անընդունելի և ծիծաղելի համարեց: «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այդ նախաձեռնությունը լիակատար անհեթեթություն անվանելով, ակնհայտորեն դա հատուկ ընդգծելու նպատակով պատրաստակամություն հայտնեց ԱՊՀ-ում հայոց այբուբենին անցնելու պատասխան առաջարկով հանդես գալ:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը սահմանափակվեց զայրացած հռետորական հարցերով, իսկ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դեմ հանդես եկավ: Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընդհանրապես կասկածներ հայտնեց ՌԴ կրթության նախարարի հայտարարության իրական լինելու առնչությամբ` հենվելով դրանում բանականության հակասականության վրա: «Հայոց այբուբենն ամենահին այբուբեններից մեկն է աշխարհում, դա մեր ինքնության հիմքն է, հետևաբար այդ գաղափարն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ մեկնաբանությունների կարիք չունի: Ես վստահ չեմ, որ նախարարը կարող էր նման բան ասել», – հայտարարեց պատգամավորը: Այսպիսով, հարկավոր է փաստել, որ ռուս պաշտոնյան, համենայն դեպս, հայկական ուղղությամբ մի փոքր շտապել է “կիրիլյան հետախուզումների” հարցում:
Մոսկվայում շտապեցին նաև Հայաստանում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու հարցում: Համենայն դեպս այդ մասին է վկայում հայ պատգամավորների, առաջին հերթին իշխող Հանրապետական կուսակցության արձագանքը Ռուսաստանի պետդումայի խոսնակի վերջնագրային առաջարկին: ՀՀԿ մամուլի խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սահմանադրության համաձայն հայոց լեզուն կա և կլինի Հայաստանի միակ պաշտոնական լեզուն նաև ապագայում:
Մեկ այլ «երիտհանրապետական», խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ռուսաց լեզուն հայերի համար համարելով համաշխարհային նշանակություն ունեցող լեզու, հայտնեց, որ խորհրդարանի օրակարգում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու և այն Սահմանադրության մեջ ամրագրելու հարց չկա և երբեք էլ չի լինի: Աշոտյանը նշել է, որ Հայաստանի վարորդական իրավունքի ճանաչման հարցով Մոսկվայի հետ բանակցությունները կշարունակվեն միայն այլ ձևաչափերով:
Ընդդիմադիր «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ավելի հեռուն գնաց՝ Պետդումայի ընդունած օրենքն անվանելով «հարված Հայաստանում Եվրասիական միության կողմնակիցներին»: Այս կապակցությամբ ԱԺ պատգամավորը հարցում ուղղեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ մատնանշելով նոր կանոնների հակասելը ԵՏՄ-ի սահմաններում աշխատուժի ազատ տեղաշարժման իրավունքի սկզբունքին: Մարուքյանը ԵՏՄ ղեկավարից պահանջել է դիմել արդյունավետ քայլերի, որպեսզի Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար ապահովվի ԵՏՄ համաձայնագրով ամրագրված դրույթների իրականացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դրան գրեթե ակնթարթորեն արձագանքեց` համապատասխան հարցմամբ դիմելով ՌԴ կառավարությանը: Այս պահին խնդիրը քննարկման փուլում է, իսկ դրա լուծումը միայն ժամանակի հարց է թվում, որը ոչ մի կերպ կապված չէ Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի հետ:
Լեզվական վիճակագրությունն ԱՊՀ–ում
Հետխորհրդային տարածքում, բացառությամբ ԵՄ անդամներ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի, ռուսաց լեզվի հետ կապված իրավիճակն ավելի լավ հասկանալու համար բերենք որոշ տվյալներ: ԱՊՀ երկրներից միայն Բելառուսն է, որ «մեծ ու հզոր» լեզվին պետական կարգավիճակ է տվել, ինչը միանգամայն հասկանալի և հիմնավորված է. բելառուսցիների 96%-ը հիմնականում խոսում է ռուսերեն, հանրապետությունում ռուսաց լեզվով ուսուցանվում է երեխաների 75%-ը: Ղազախստանում ռուսաց լեզուն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ` հաղորդակցութան լեզու լինելով քաղաքացիների 63%-ի համար, ևս 41% -ը ռուսաց լեզվով է ուսուցանվում:
Եվս մեկ երկիր, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի, Ղրղզստանն է: Այստեղ ռուսերենով խոսում է բնակչության 20%-ից մինչև 40%-ը, իսկ 23%-ն ուսուցանվում է ռուսերենով: Ուկրաինայում ռուսերենով հաղորդակցվում է բնակչության 65%-ը, իսկ 25%-ն ինքնուրույն է ուսում ստանում ռուսերեն լեզվով:
Ռուսերենով շփվում է մոլդովացիների 20-40%-ը, ևս 21%-ն ուսուցանվում է ռուսերեն: Քիչ ավելի վատ է իրավիճակը Տաջիկստանում, որտեղ չնայած ռուսերենը հռչակվել է որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու, այդ լեզվին տիրապետում է բնակչության 30%-ից պակասը, իսկ առօրյա հաղորդակցության մեջ այն գործնականում չի օգտագործվում:
Ուզբեկստանի և Թուրքմենստանի վերաբերյալ չհաջողվեց տվյալներ ձեռք բերել այդ երկրների առանձնահատկությունների և գլխավորապես դրանք կառավարող ռեժիմների պատճառով: Հարավային Կովկասի երկրներում` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, ռուսերենը դե ֆակտո օտար լեզվի կարգավիճակ ունի, իսկ իրավաբանական սահմանումը բացակայում է: Ռուսերենին տիրապետում է բնակչության 30%-ից քիչ մարդ, իսկ առօրյա հաղորդակցության մեջ օգտագործվում է հազվադեպ: Ռուսերենով ուսում է ստանում ադրբեջանցիների 7%-ը, վրացիների 5%-ը և հայերի ընդամենը 2%-ը:
ԱՊՀ երկրների հանրակրթական ուսումնական ծրագրերում ռուսաց լեզվի ուսումնասիրման համար հատկացված ժամերի նվազման միտումը կայուն բնույթ է կրում 1991թ.-ից: Շատ երկրների դպրոցներում այն թողնվել է միայն ֆակուլտատիվ ուսումնառության համար: Աննշան քանակով տպագրված ուսումնական ձեռնարկները զգալիորեն նվազեցնում են դրա ուսումնառության հնարավորություններն ինչպես ռուսախոս, այնպես էլ տիտղոսային լեզվի կրողների համար՝ բացառությամբ Բելառուսի և Ղազախստանի: Բնականաբար այդ իրավիճակն ուղեկցվում է ողջ հետխորհրդային տարածքում ռուսերենով հաղորդակցվող երիտասարդության տոկոսի պարբերաբար անկմամբ:
Ռուս սոցիոլոգների տվյալների համաձայն՝ ԱՊՀ-ի ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման մասնաբաժինը 20 անգամ ավելի քիչ է, քան այլ օտար լեզուներինը: ԱՊՀ երկրներում ռուսախոսների թվի նվազմանը նպաստել է նաև այդ երկրներում էթնիկ ռուսների թվի նվազումը: Ըստ Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալների` 1997թ.-ից մինչ օրս ԱՊՀ երկրներում ռուսների թիվը նվազել է 30-ից մինչև 17 միլիոնով: Դրա պատճառներն են` ռուսալեզու միջավայրում ծնելիության մակարդակի ընդհանուր նվազումը և ռուսների տեղափոխվելը դեպի Ռուսաստան ու աշխարհի այլ երկրներ:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ ԱՊՀ երկրներում ռուսալեզու բնակչության թվաքանակի նվազման վերաբերյալ Մոսկվայի տագնապը, ընդհանուր առմամբ, լիովին հիմնավորված է: Սակայն ռուսաց լեզվի և ամենակարևորը` Հայաստանում ռուսալեզու հայերի ճակատագրի վերաբերյալ նման տագնապի որևէ հիմնավորվածություն չկա: Մի իրավիճակ, որտեղ Հայաստանի բնակչության 98,11 տոկոսն էթնիկ հայ է, իսկ ռուսների թիվը Հայաստանում չի գերազանցում 0.39 տոկոսը կամ մի քանի տասնյակ հազարը. ռուսաց լեզվին ավելի բարձր կարգավիճակ տալու փորձերն անհիմն են թվում: Եվ դա այն խորապատկերին, որ հայկական հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսերենը պարտադիր առարկաների շարքում է, և դրա իմացությունը նույնիսկ առավելություն է համարվում աշխատանքի ընդունվելիս:
Ակնհայտ է, որ դրան պետք է ավելացնել նաև Երևանում 1997թ.-ից գործող Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի աշխատանքը, որտեղ ռուսերենով կրթություն է ստանում մոտ 6.500 ուսանող: Ընդ որում, 90-ական թվականներին ԱՊՀ երկրներում սլավոնական համալսարանների ցանցի ստեղծումը Մոսկվայում դիտարկվում է որպես բոլոր հարևան երկրներում միասնական հումանիտար և կրթական տարածքի ամրապնդման գործոն:
Հայացք Մոսկվայից
Ռուսաստանցիների ճնշող մեծամասնության կարծիքով՝ հետխորհրդային տարածքը կարծես թե շարունակում է մնալ նախկին մետրոպոլիայի՝ Ռուսաստանի շահերի գոտի: Իսկ ավելի ստույգ` ռուսական մշակույթի հետ մեկտեղ ռուսաց լեզուն հարևան երկրներում փափուկ ուժի միջոցով Ռուսաստանի շահերի տարածման և պաշտպանության ամենահզոր գործիքներից է: Այս փաստարկն անվիճելի է: Ամբողջ հարցը միայն այն է, թե որքանով է այն արդյունավետ, և որտեղ է այն օգտագործվում, և արդյո՞ք դրա օգտագործումը մի շարք ավելորդ և անտեղի դեպքերում չի հանգեցնում հակառակ ազդեցության ակտիվացման:
Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրներում տեղական կառավարող ընտրանիների ճնշող մեծամասնությունն իր հերթին բավականին ակտիվորեն լեզվական գործոնն օգտագործում է ոչ միայն որպես էթնիկ նույնականացման մեխանիզմ: Մայրենի լեզուն նաև քաղաքական ընտրանիների շահերի սպասարկման գործիք է: Եվ տիտղոսային լեզուների համար գերիշխող դիրքերի ամրագրումը, որպես կանոն, տեղի է ունենում ռուսաց լեզվի դիրքերի վտանգման հաշվին, որպես հետևանք՝ հանգեցնելով ռուսալեզու բնակչության իրավունքների խախտմանը:
Մոսկվայում որոշակի վստահությամբ պնդում են, որ ԱՊՀ մի շարք երկրներում ոչ պաշտոնական մակարդակով տարվում է մի ռազմավարություն, որի նպատակը ռուսալեզու հրապարակումների, ռուսերենով հեռուստատեսային և ռադիոհեռարձակման թվի և ծավալի արմատական կրճատման միջոցով ռուսաց լեզուն ԶԼՄ-ներից, գրականությունից և մշակութային տարածությունից դուրս մղելն է: Նման քաղաքականության իրականացման առաջատարներն այսօր Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուկրաինան են:
Հանուն արդարության պետք է նշել, որ նման լեզվական քաղաքականությունը հղի է լուրջ սպառնալիքներով, այդ թվում այն երկրների զարգացման հարցում, որտեղ այն տարվում է: Հաշվի առնելով, որ գիտական գրականության հրատարակությունների մեծ մասը ռուսերեն է, իսկ տիտղոսային լեզուներով դրանց թարգմանություն գրեթե չի իրականացվում, ռուսաց լեզվի մարգինալացումն առնվազն խոչընդոտում է գիտական-տեխնիկական և կրթական ոլորտների զարգացմանն ու համագործակցությանը: Սակայն Մոսկվայի մտահոգությունն է առաջացնում ոչ այնքան առանձին երկրներում ռուսաց լեզվի մարգինալացման փաստը, որքան այդ մարգինալացման հետևանքով իր հավակնություններին պատճառած բազմաթիվ խոչընդոտները: Հավակնություններ, որոնք, այսպես կոչված, մերձավոր արտասահմանում միանգամայն արդարացիորեն ընկալվում են որպես նոր-կայսերական:
2011թ. «Ռուսաց լեզուն 2011-2015թթ. համար» դաշնային նպատակային ծրագրի ընդունմամբ Մոսկվան արդեն պաշտոնապես ձեռնամուխ եղավ արտերկրում ռուսաց լեզվի դիրքերն ամրապնդելու գործողություններին: Տարեկան 2 մլրդ 527 մլն ռուբլի ֆինանսավորումով ծրագրի նպատակներն են արտերկրում ռուսաց լեզվի` որպես ոչ մայրենի և օտար լեզվի, դասախոսների թվի, ռուսաց լեզվի և գրականության դասագրքերի, մշակութային-կրթական միջոցառումների մասնակիցների շրջանակի ավելացումը: Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը, որոնք իրականացվում են կամ պետք է իրականացվեն համապատասխանաբար 2016-2018թթ. և 2019-2020թթ., ի թիվս այլոց, պարունակում են ավելի կոնկրետ սահմանված նպատակներ: Դա «արտասահմանյան երկրներում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և ռուսերենով կրթության առաջխաղացման պայմանների կատարելագործումն է»:
Եթե ոչ բովանդակությամբ, ապա իր նպատակներով գրեթե միանման աշխատանք է կատարում արտերկրում ռուսաց լեզվի զարգացումը խթանելու համար 2000թ. ստեղծված Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հիմնադրամը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և արտերկրում մշակութային կենտրոնների զարգացմանը նպաստող այդ հիմնադրամի ակտիվ աջակցությամբ տարածվում են ռուսերենը, ռուսաց լեզվի և գրականության դասագրքեր, աշխարհագրական և քաղաքական-վարչական քարտեզներ:
ՌԴ լեզվական էքսպանսիայի (ընդլայնման) մեկ այլ միջոց է 2007թ. ոչ անհայտ Վյաչեսլավ Նիկոնովի կողմից հիմնադրված «Ռուսական աշխարհ» հիմնադրամը, որի հիմնական նպատակներից է աջակցությունն արտերկրում ռուսաց լեզվի հանրայնացմանն ու ռուսաց լեզվի ուսումնառության ծրագրերին: Եվս մեկ «լեզվական նախագիծ» է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կից «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն»-ի մասնաճյուղը Երևանում:
Հայաստանում ԳՄՌԿ-ի առաջնահերթությունների շարքում են Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների կրթության կազմակերպումը, Հայաստանում ռուսաց լեզվի տարածումը, աջակցությունը հայրենակիցներին, գիտական, մշակութային-հումանիտար համագործակցությունը, ժողովրդական դիվանագիտությունը, ռուսական դպրոցներն արտերկրում, հայկական ԶԼՄ-ները: Այս ամբողջ աշխատանքը, իհարկե, անուղղակիորեն համակարգում է 2014թ. կազմավորված ՌԴ նախագահին կից Ռուսաց լեզվի խորհուրդը: Խորհրդի խնդիրների թվում են` արտերկրում ռուսաց լեզվի պահպանության, զարգացման և աջակցության համար գերակա ուղղությունների ու մեխանիզմների վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը, աշխարհում նրա դիրքերի ամրապնդումն ու կիրառության ոլորտների և աշխարհագրության ընդլայնումը, արտասահմանում ռուսալեզու համայնքներին աջակցությունը:
Ռուս մի շարք գործընկերների և փորձագետների կարծիքով՝ թվարկված միջոցառումները և նախաձեռնությունները, այնուամենայնիվ, նախկին եղբայրական հանրապետություններում ռուսաց լեզվի լիարժեք վերականգնման, զարգացման և բարգավաճման համար ակնհայտորեն բավարար չեն: Այս համատեքստում առավել հաճախ առաջարկներ են հնչում ԱՊՀ երկրներից Ռուսաստանի բուհեր ուսանելու մեկնող ուսանողներին ցուցաբերվող աջակցությունն էապես ավելացնելու անհրաժեշտության օգտին: Առավել արմատական տրամադրված ռուսաստանցիները երկրի ղեկավարությունից պահանջում են, որպեսզի նրանք ռուսաց լեզվի կարգավիճակի շուրջ «քաղաքական փոխհամաձայնության» հասնեն ԱՊՀ անկախ երկրների ղեկավարությունների հետ: Սակայն հեռանալով առկա իրողություններից՝ թվում է, թե առաջիկա տարիներին ռուսաց լեզվի պահպանման հիմնական շարժառիթը կշարունակվի պայմանավորվել ԱՊՀ-ի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի պահպանման կարիքներով:
Իսկ արդյունքները պայմանավորված կլինեն հարևան երկրների համար ռուսական մշակույթի և հաղորդակցական տարածության գրավչության աստիճանով, այլ կերպ ասած, Ռուսաստանի հաջողությամբ՝ որպես պետություն, մոդել, որի արժեքները նախկին մետրոպոլիան կկարողանա առաջարկել հարևան երկրներին: Ինչպես ցույց տվեցին նախարար Վասիլևայի և ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինի վերջին օրինակները, օրինակի համար մոնոէթնիկ Հայաստանում ռուսաց լեզվի ամրապնդմանն ու տարածմանը սոսկ պահանջներով հասնելը խելամիտ չէ և, հետևաբար, անհեռանկարային է: Ավելին, ստիպված ենք փաստել, որ նման պահանջները և գլխավորը` դրանց մատուցման վերջնագրային ձևն անխուսափելիորեն կհանգեցնեն հակառակ ազդեցության:
Պատմական նախադրյալներ
Այնպես է ստացվել, որ ռուսական կայսրության գրեթե ամբողջ պատմության, ինչպես նաև Խորհրդային Միության 70-ամյա գոյության ընթացքում հենց ռուսաց լեզուն է եղել ռուսական էքսպանսիայի շուրջ տարբեր ժողովուրդներին միավորող զենքերից մեկն ու կարևոր գործոնը: Պատմականորեն ռուսական կայսրությանը միացված տարածքներում ապրող ժողովուրդները ենթարկվել են սողացող, սակայն լեզվական և կրոնական-ուղղափառ անխուսափելի ձուլման: Խորհրդային միության փլուզմամբ և Ռուսաստանի ժողովրդավարացման սկզբնավորմամբ, կարծես թե, այս քաղաքականությունը մոռացության մատնվեց, սակայն Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո կրկին նոր թափ ստացավ:
Պետք է նշել, որ նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետություններում այս քաղաքականությունը բավական հաջող արդյունքներ է ունեցել: Օրինակ, նույն Կենտրոնական Ասիայի ժողովուրդները 1920-ական թվականներին բռնի ուժով են անցել գրին` նախ՝ լատինական այբուբենին, ապա` կիրիլիցային: Նման ճակատագիր են ունեցել ներկայիս Ադրբեջանի տարածքում թափառող մահմեդական ցեղերը: Հաջող է անցել Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ուժեղացված ռուսականացումը:
Հայաստանում ռուսական իշխանությունը վերջնականապես հաստատվեց Նիկոլայ 1-ի կառավարման առաջին տարիների ընթացքում Ռուսաստանի կողմից Անդրկովկասի նվաճմամբ: 1826-1828թթ. պատերազմում Թուրքմենչայի պայմանագրով ամրապնդելով Ռուսաստանի հաղթանակը Պարսկաստանի նկատմամբ՝ Էրիվանի և Նախիջևանի խանությունները ռուսական կայսրության մաս են դարձել Հայաստանի մարզի կազմում: Սակայն դա, մեծ հաշվով, չհանգեցրեց հայերի լեզվական և կրոնական ձուլմանը, ընդհուպ ԽՍՀՄ-ի կազմում 70 տարի մնալով հանդերձ: Երկրորդ երջանիկ բացառությունը դարձավ հարևան Վրաստանը:
Ավելին, այդ տարիների ընթացքում էթնիկ հայերի տեսակարար կշիռը հատկապես Առաջին, Երկրորդ և Երրորդ հանրապետությունների տարածքներում ավելացել է՝ հասնելով այսօրվա Հայաստանի բնակչության 98.11%-ին:
Այսօր պատմական հայրենիքի տարածքում ապրող հայերի ճնշող մեծամասնությունը միանգամայն հիմնավորված հպարտություն է զգում իր՝ որպես աշխարհի ամենահին լեզուներից մեկի և գրի համար: Եվ հենց 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից գրված այդ այբուբենն ու գիրն են էականորեն օգնել դարերի ընթացքում սեփական հավատն ու լեզուն պահպանելու հայերի ձգտմանը, և դա ոչ միայն Հայաստանի թեկուզ և օկուպացված տարածքում, այլև աշխարհի ամենատարբեր երկրներում: Նման պայմաններում այսօրվա անկախ Հայաստանում խոսել լեզվական բազմազանության հեռանկարների մասին, գրեթե անհնարին է թվում:
Վերոնշյալից բացի ստիպված ենք փաստել, որ գործնականում անհնար է լեզվական զուգահեռներ տանել Հայաստանի և, ասենք, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և նույնիսկ Ուկրաինայի միջև՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքները, որոնցով պայմանավորված էր հետխորհրդային մի շարք երկրներում ռուսաց լեզվի կարգավիճակի ճանաչումը: Առաջին հերթին դա գաղափարական մերձավորությունն է, որն ամրագրված է ռուսախոս քաղաքացիների զգալի տոկոսով:
Մոսկվան, հատկապես 2000-ականներից, բազմիցս հրապարակայնորեն հետխորհրդային տարածքն անվանել է սեփական շահերի գոտի: Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կողմից տիտղոսային լեզուների` որպես միակ պետական լեզուների ճանաչումն անխուսափելիորեն կհանգեցներ քաղաքացիների միջև անկարգությունների՝ ուղեկցված Ռուսաստանի կողմից անմիջական միջամտությամբ: Վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինայի օրինակով Մոսկվան ակնհայտորեն իր մյուս հարևաններին ցուցադրում է ռուսախոս քաղաքացիների իրավունքների պաշտպանության պատրվակով ռազմական ուժի կիրառմամբ նրանց ներքին գործերին միջամտելու իր ընդունակությունը: Եվ, օրինակ, նույն Ղազախստանում այդ վտանգը լիովին գիտակցվում և լեզվական քաղաքականության մեջ հաշվի է առնվում, ինչը, սակայն, Նուրսուլթան Նազարբաևին չխանգարեց մայրաքաղաքն Ալմաթիից տեղափոխել Աստանա: Այդպիսով, երկրի ղեկավարությունը փորձում է Ռուսաստանին սահմանակցող Ղազախստանի հյուսիսում թուլացնել ռուսախոս բնակչության ավելորդ համակենտրոնացումը: Բարեբախտաբար, Հայաստանում նմանատիպ հանգամանքների իրական հիմքեր չկան: Հետևաբար աշխարհաքաղաքական և ռազմական սպառնալիքների կիրառմամբ ռուսաց լեզվի առաջմղումը Հայաստանում անհամաչափ և անհեռանկարային է թվում:
Հռետորական հարցեր
Վերոնշյալ հանգամանքների և փաստարկների լույսի ներքո ռուս այնպիսի բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, ինչպիսիք են Կրթության և գիտության նախարար Վասիլևան և խորհրդարանի խոսնակ Վոլոդինը, ուղղվող մի շարք հարցեր են առաջանում: Ողջ հետխորհրդային տարածքում կիրիլյան այբուբենը ներդնելու Ռուսաստանի կրթության և գիտության նախարարի անհաղթահարելի հակումը դեռ կարելի է փորձել ինչ-որ կերպ արդարացնել այդ տարածության մեջ լատիներենից կիրիլիցային անցած այնպիսի երկրների առկայությամբ, ինչպիսիք են՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը: Սակայն այդ ցանկում Հայաստանի անվան միայն հիշատակումն արդեն առնվազն տարօրինակ է:
Այս խորապատկերին առավել տարօրինակ է Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու Պետդումայի խոսնակ Վոլոդինի մտադրությունը: Հաշվի առնելով անցյալում գրեթե նմանատիպ փորձերի նկատմամբ հայ հասարակության ցուցաբերած չափազանց բացասական արձագանքը՝ օրինակ, «Ռուսաստանն այսօր» պետականլրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովի առաջարկը, կարելի է ենթադրել, որ պետության չորրորդ դեմքը կամ չի տիրապետում հարցի պատմությանը կամ էլ ցուցաբերում է ոչնչով չհիմնավորված և, հետևաբար, տարօրինակ համառություն: Ամեն դեպքում Պետդումայի խոսնակի նման վարքագիծը Հայաստանում հակառուսական տրամադրությունների ևս մեկ պոռթկում է առաջացրել: Պոռթկում, որը հիմնված և ամրապնդված էր մի շարք խորապատկերային գործոններով: Դրանց թվում էր Բաքվին ռուսական զենքի շարունակական մատակարարումը, որը պատճառ հանդիսացավ այդ զենքերից Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող հայ զինծառայողների մահվան:
Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարության ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակից) գնահատելու համար փորձենք մի շարք հարցեր ձևակերպել. հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ խնդիրներ օգնեց լուծել նրա նախաձեռնությունը, արդյո՞ք այն օգնեց Ռուսաստանին ամրապնդելու իր ներկայությունը Հարավային Կովկասում, արդյո՞ք այն ամրապնդեց Մոսկվայի դիրքերն Արցախի Հանրապետությունում և հակամարտության կարգավորման հարցում, այն նվազեցրե՞ց Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա, և, վերջապես, ամրապնդե՞ց հայերի վստահությունը Ռուսաստանի նկատմամբ: Լավագույն դեպքում այս հարցերը հռետորական են հնչում: Իսկ վատագույն և իրականությանն ամենամոտ դեպքում Վոլոդինի ելույթը միանշանակ վնասակար ազդեցություն ունեցավ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի վրա` շքեղ նվեր դառնալով այն մարդկանց համար, ում Պուտինը համառորեն շարունակում է անվանել Ռուսաստանի «գործընկերներ»:
Այլ կերպ ասած, նման կարճատես, չմտածված ու չհաշվարկված հայտարարությունների խորապատկերին Մոսկվայի ձգտումը` իր բոլոր պարտություններում «Արևմուտքի և Պետդեպարտամենտի ձեռքը» գտնելու հարցում սխալ է թվում: Արևմտյան կազմակերպություններն ու հիմնադրամները կարող են հանգիստ կերպով շունչ քաշել նախքան դեպի նոր նպատակները գնալն ու նոր բարձունքներ նվաճելը, քանի դեռ ռուս պաշտոնյաները նրանց փոխարեն ամեն ինչ անում են սեփական ձեռքերով և հաճախ անվճար:
Նման հայտարարությունները ռուսական «փափուկ ուժի» (soft power) անարդյունավետության հերթական վառ ապացույցներն են: Ավելին, ռուս պաշտոնյաների այս վարքագիծը չեզոքացնում է հարևան երկրներում «մեծ ու հզոր» ռուսաց լեզվի տարածման գործում Մոսկվայի միլիարդավոր դոլարների բոլոր «ներարկումները»: Ընդհանուր առմամբ, ռուսաց լեզվի և քարոզչության մասին ռուսական «փափուկ ուժը» խորհրդային անցյալի վերաբերյալ կարոտաբաղձությունից այն կողմ դեռևս չի տարածվում:
Միևնույն ժամանակ հայերին, առաջին հերթին երիտասարդներին եվրասիական արժեքներին, եթե այդպիսիք, իհարկե, գոյություն ունեն, հաղորդակից դարձնելու համար հեծանիվ հորինել բացարձակապես պարտադիր չէ: Օրինակ դա կարող է դրսևորվել հայ երիտասարդության համար ռուսաց լեզվով ծրագրերի մշակմամբ և աշխատանք գտնելու, մասնագիտական աճի, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ապագայում հեռանկար ունենալու առաջարկով, կրթական իրատեսական, խոստումնալից ծրագրերով, այլ ոչ թե աղքատների օգտին վերամբարձ զրույցներով: Ծրագրեր, որոնք ունակ են այլընտրանք դառնալ եվրոպական համալսարաններին՝ Սորբոնին, Քեմբրիջին և Յելին:
Այդպիսի տասնյակ և հարյուրավոր ծրագրեր կան: Վերջապես դրանք պարզապես կարելի է ընդօրինակել նույն եվրոպացիներից: Սակայն այստեղ ևս անխուսափելիորեն բախվում ենք աշխարհի չափ հավերժական խնդրին. Ռուսաստանը հարևան երկրներին, այդ թվում և Հայաստանին ոչինչ չունի առաջարկելու, բացի ԽՍՀՄ-ի նկատմամբ կարոտաբաղձությունից, շատ կասկածելի «անվտանգության ապահովումից» և կայսերական նկրտումներից: Ցավոք, դրանում ստիպված ենք լինում համոզվել շատ հաճախ` այդ հարցը տալով նույնիսկ արհեստավարժ ու գիտակից ռուս գործընկերներին:
Այսօր Հայաստանում ռուսաց լեզվի, գրականության առաջխաղացմանն առայժմ ոչ ոք և ոչինչ չի խանգարում: Սակայն մի բան է օտար լեզուն առաջ մղել ուսումնական ծրագրերի քարոզչության ու ապագայի գրավչության միջոցով և միանգամայն այլ բան` փորձել պարտադրել այն որպես պաշտոնական լեզու շանտաժի և միգրանտ աշխատողների դեմ սպառնալիքների միջոցով: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նման անփույթ վերաբերմունքի և բացթողումների պատճառների գիտակցումն առողջ բանականությանն անհասանելի է մնում:
Չնայած ռուսական ստանդարտներով բավականին տպավորիչ ֆինանսավորումով վերլուծական կենտրոնների և ինստիտուտների առկայությանը՝ Մոսկվայի արտաքին քաղաքականության շարժառիթները հնչող փորձագիտականկարծիքներում ու վերլուծություններում շարունակում են վերջին տեղը զբաղեցնել: Ռուսաստանի «լեզվական քաղաքականությունը», ընդհանուր առմամբ, հետխորհրդային տարածության և մասնավորապես Հայաստանի նկատմամբ, այդ ամենի լավագույն և տխուր վկայությունն է:
Եզրակացություն և առաջարկություններ
Վերոնշյալ պայմաններում և գլխավորը` հեռանկարներում, Հայաստանում ռուսերենի, հայերենի և ցանկացած օտար լեզվի կարգավիճակում որևէ փոփոխության և ճշգրտման իրականացումն անարդյունավետ, վտանգավոր և, հետևաբար, ավելորդ է: Ազգային, տիտղոսային լեզուն զոհաբերելու հարցում հայկական պետությունը և ժողովուրդը չեն կարող իրենց նույնիսկ մեկ թիզաչափ զիջման ճոխություն թույլ տալ: Հայ հասարակության մեջ գոյություն ունեցող տրամադրվածությունը, երբ, ի պաշտպանություն մայրենի լեզվի, ոտքի են կանգնում ռուսախոսները, ռուսերեն մտածող, ռուսական կրթություն ստացած հայերը, Ռուսաստանի «լեզվական քաղաքականության» սխալ լինելու լավագույն վկայությունն է, եթե, իհարկե, Հայաստանի վերաբերյալ ռուս պաշտոնյաների վերջին, անհամաչափ հայտարարությունները կարելի է բնութագրել որպես քաղաքականություն: 98% հայ բնակչությամբ երկրի վրա ճնշումը ոչ միայն ապակառուցողական և անհեռանկարային է, գլխավորը` դա չի բխում հենց Ռուսաստանի շահերից` վկայելով միայն Մոսկվայում որոշ պաշտոնյաների կողմից իրականության զգացողությունների վերջնական կորստի մասին: Մոսկվայի այսպիսի քաղաքականության ձախողման և անարդյունավետության օրինակների համար հեռու գնալու անհրաժեշտություն չկա, Վրաստանը և Ուկրաինան բավական են:
Մոսկվայի պաշտոնական գծի նման քաղաքականության հակասականության առանձին, բազմաթիվ դեպքերը, որոշ ռուս պաշտոնյաների հայտարարությունների անտրամաբանականությունը, հաճախ անկապությունը, անհեռատեսությունը, ոչնչով չարդարացված ամբարտավանությունն այդ քաղաքականության համակարգման գրեթե լիակատար բացակայության տպավորություն են ստեղծում: Վերոնշյալ հանգամանքները թույլ են տալիս գալ այնպիսի եզրակացության, ըստ որի այն իրագործվում է հանպատրաստից՝ իր հիմքում ունենալով անձնական, մորթապաշտպան, բայց ոչ երբեք պետության շահերը: Պաշտոնական Կրեմլի` մաքսիմալիզմով համակված նման, արդեն միտում դարձած հիասթափեցնող իրավիճակը Հայաստանում` մասնավորապես, և հետխորհրդային տարածության մեջ` ընդհանուր առմամբ, ձեռք է տալիս Ռուսաստանի այդ նույն արևմտյան, ինչու չէ նաև արևելյան գործընկերներին:
Հայոց լեզուն, գիրը, հայ ժողովուրդը և հայկական պետականությունը եղել են, կան և կլինեն` չնայած բոլոր չդադարող մարտահրավերներին ու աճող սպառնալիքներին: Նույնն ասել նաև Հայաստանում Ռուսաստանի ներկայության հեռանկարների մասին, մի շարք հայերի սրտերում և մտքերում, ցավոք սրտի, արդեն հնարավոր չի թվում: Եվ ռուս պետական պաշտոնյաների «լեզվական քաղաքականությունն» այն բազմաթիվ գործոններից մեկն է, ինչը հանգեցնում է հակառուսական տրամադրությունների աստիճանի բարձրացմանը և Ռուսաստանից Հայաստանի աստիճանաբար անջատմանը:
P.S. Հետազոտությունը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կրթության և գիտության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի հանրակրթական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ, որի նպատակը «ռուսաց լեզվի ուսումնասիրության և դասավանդման բարձր որակի ապահովումն է, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրայնացումը»։ Այս պահի դրությամբ ռուսերեն լեզուն միակն ու բացառիկն է, որը դասավանդման հայեցակարգ կունենա:
Դավիթ Ստեփանյան
ԱրմԻնֆո գործակալության քաղաքական մեկնաբան,
ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)