«Ադրբեջանական լվացքատան» սկանդալը դեռ նոր է մեկնարկում. Արմեն Աշոտյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չգիտի` Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ ոչ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Աշոտյանը` ի պատասխան 168.am-ի հարցի` մեկնաբանելով «Ադրբեջանի լվացքատուն» անվանումը ստացած հետաքննության կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարությունը, որ Ադրբեջանը Ռուսաստանի «դաշնակիցն» է:
«Ես չգիտեմ, այդպիսի հարցեր պետք է տալ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտոնյաներին և արտաքին գործերի նախարարներին: Կարող եմ փաստել, որ «ադրբեջանական լվացքատան» սկանդալը դեռ նոր է մեկնարկում: Ես վերջերս եղել եմ ԵԺԿ համաժողովին և ԵԽ-ի կողմից կազմակերպված մեծ հավաքին, որ նվիրված էր սփյուռքի խնդիրներին, բոլոր ելույթներում այս խնդիրները բարձրացրել եմ և ստացել համապատասխան արձագանք եվրոպացի գործընկերների կողմից: Կարծում եմ, որ հատկապես ԵԽ ԽՎ ձևաչափում բոլոր երկրների պատվիրակները պետք է ճնշում գործադրեն իրենց ազգային կառավարությունների վրա, որպեսզի հետամուտ լինեն ներկայացված փաստերի քննությանը, և ԵԽ ԽՎ մակարդակով այդ կառույցի բարի համբավի, ժողովրդավարական կերպի, իմիջի և վստահության վերկանգնման խնդիրն է դրված»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ըստ նրա` բոլոր եվրոպական ինստիտուտները պարտավոր են հետամուտ լինել այս սկանդալի լիարժեք բացահայտմանը և մեղավորների պատժմանը: Ա.Աշոտյանի խոսքով` ակնհայտ է, որ տարբեր երկրներ մեր տարածաշրջանում տարբեր շահեր ունեն, և այդ շահերը միշտ չէ, որ կարող են համընկնել մեր տեսակետների հետ, սակայն հատկապես եվրոպական քաղաքական ինստիտուտների հետ ադրբեջանական կոռուպցիոն կապերի ներկայացված փաստերը նույնպես աղմկահարույց են և վրդովվեցուցիչ, որովհետև երկար ժամանակ է, ինչ մենք եվրոպական ինստիտուտները դիտարկել ենք՝ որպես ժողովրդավարության, թափանցիկության, մաքուր քաղաքական աշխատանքի վայրեր. «Կարծում եմ, որ այս սկանդալը պետք չէ նորից բաղդատել ռուսական դոսյեի` «Ռոսօբորոնէքսպորտի», կամ եվրոպական դոսյեի հետ:
Այս սկանդալն ընդհանրական սկանդալ է, մեզ հետաքրքրում են այդ սկանդալում Ադրբեջանի կոնկրետ քաղաքական կոռուպցիոն մեխանիզմները, որոնց արդյունքում արվել են նաև հակահայկական գործողություններ, այդ գումարները ծախսվել են նաև հակահայկական նախաձեռնությունների սատարման համար, ինչը մեր պարագայում ազգային անվտանգության խնդիր է, և եվրոպական ինստիտուտների պարագայում հեղինակության հարցն է` վերականգնելու վստահությունն այդ ինստիտուտների նկատմամբ»: