«ԹՈՒՄՈ»-ի սաների ստեղծած «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը՝ հեղինակավոր NICE Awards-ի մրցանակակիր
«ԹՈՒՄՈ»-ի և Եվրամիության համագործակցությամբ ստեղծվող «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը ճանաչվել է լավագույն ստեղծարար նորարարությունը եվրոպական բարձրակարգ NICE Awards մրցույթում` հայտնվելով 100-ից ավելի դիմորդներից ընտրված լավագույն հնգյակում։
«ԹՈՒՄՈ»-ի սաները ստեղծել են ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ խաղ, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացված են կոռուպցիայի հետևանքները և առաջարկված են լուծումներ: «Նետոյի առասպելը» անունը կրող խաղում երեխան հնարավորություն ունի ճամփորդելու կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպիսիք են յուրացումը, կաշառքը, չարաշահումները, և խաղացողի առաջադրանքն է օգնել քաղաքի բնակիչներին ընտրել ճիշտ լուծումներ դրանց դեմ:
Խաղի ստեղծման աշխատանքներն ընթացել են մեկ տարուց ավելի: iOS և Android համակարգերի համար այս խաղը նախատեսվում է թողարկել 2017 թվականի օգոստոսին: Նախագիծը իրականացնում են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները՝ ծրագրավորման բաժնի ղեկավար Հասմիկ Ազարյանի ղեկավարությամբ, Եվրամիության հետ համագործակցությամբ:
Սիրարփի Աղաբաբյան