«Ըլը կյանքը մեռած չէ, ինտերնատի տնօրենը գործիքներ է տվել, կսե` վարպետ ջան, աշխատի». Վարպետ Հարություն

Asparez.am-ը գրում է. Լենինականի ճանաչված արհեստավորի արվեստագետ թոռը ծերանոցի բնակիչ է.

-Հարություն,…Հարություն,-ի՞նչ ես անում, արի քեզ մոտ մարդ է եկել…Սենյակ մտնելիս` տիկին Ամալյան կանչում է վարպետ Հարությունին:

Վարպետ Հարությունը, սակայն, դժվարությամբ է լսում: Ձեռքի մատներն է շարժում ինչ-որ գործիքի վրա եւ ակնդետ նայում տիկին Ամալյային: «Քեզ մոտ են եկել…»,-կրկնում է տիկին Ամալյան այս անգամ ավելի բարձր ձայնով:

Վարպետ Հարությունը ժպտում է, նայում ինձ ու բարեւում, ապա շարունակում գործիքն այս ու այն կողմ տարուբերել:

Հարություն Զարդարյանը Լենինականի ճանաչված արհեստավորների գերդաստանից է, մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է, բնիկ գյումրեցի է: Նրա պապը` Ավետիք Զարդարյանը, Լենինականում ճանաչված է եղել որպես լավագույն մահճակալ պատրաստող վարպետ ու դարբին: «Մեզի սաղ քաղաք կճանչե, պապս առաջ ֆուռաժից կռավատ կսարքեր, հետո` հորեղբայրս: Բոլորը նշանավոր արհեստավորներ են եղել, պապս համքարության շեֆ է եղել. Զարդարյան Ավետիքը հենց պապս է եղել, սաղ Լեննական իրան գիտե կռավատ սարքող»,-պատմում է վարպետ Հարությունը:

1920-ական թվականներից վարպետը` արհեստավորական եղբայրության՝ համքարության առանձին կրպակ-արհեստանոցի կամ նույն արհեստով զբաղվող մարդկանց խմբի ղեկավարը կազմակերպել է աշխատանքներ, աշակերտներին ու ենթավարպետներին սովորեցրել տվյալ արհեստի նրբությունները։ Վարպետ դառնալու համար ենթավարպետը քննություն է հանձնել նույն համքարության 2-3 վարպետի ներկայությամբ, կազմակերպել ծիսական ճաշկերույթ, ծանոթացել համքարության ներքին օրենքներին, երդվել՝ լինել ազնիվ ու անաչառ։ Նորընտիր վարպետը ստացել է առանձին արհեստանոց բացելու եւ այլ իրավունքներ։ Նույն համքարության վարպետի ղեկավարը կոչվել է վարպետաց վարպետ, իսկ մի քանի համքարություններինը՝ գլխավոր վարպետ։

Համքարությունների վերանալուց հետո վարպետ անվանումը դարձել է հմուտ, փորձառու արհեստավորի, ինչպես նաեւ արվեստի ու գրականության բնագավառներում կատարելության հասած անձանց պատվանուն։

Վարպետ Հարությունն ուրախությամբ եւ հպարտությամբ է խոսում արհեստավոր գերդաստանի մասին:

«Օղորմածիկ պապս ներս կմտներ, մամս հացը կդներ, կըսեր` աղջի Արփենիկ, էրեխեքը կերե՞լ են, ըլը բեր, տեսնիմ մե հատըմ աչքիս դեմը ուտեն, նոր ես հաց ուտեմ: Հոգնած գուքար պապս, դե, դամրչի էր, (դարբին-հեղ.) սաղ օրը երկաթ կծեծեր,-ասում է վարպետ Հարությունն ու հոգոց հանում, հիշում այօրվա երիտասարդներին, իր անցած ուղին, Գյումրու տուն-ինտերնատ գալը:

«Մեծի հանդեպ հարգանքը մեր մեջ արմատացել է, գիտենք` ինչ բան է մեծը… բայց դե, հմի կյանքն ըսպես է դարձել, ի՞նչ էնես, պտի համակերպվիս»,-ասում է:

Վարպետ Հարությունի` տուն-ինտերնատի սենյակում 4 մահճակալ է դրված, նա սենյակը կիսում է ինտերնատի տարեց բնակիչների հետ: Տիկին Ամալյան` տուն-ինտերնատի աշխատակցուհին, ասում է, որ նորեկ է գալու, վարպետ Հարությունը շտապում է լայն ժպտալ ու ասել. «Ընձի համար մարդը մարդ է»:

Տուն-ինտերնատում ասում են, որ վարպետ Հարությունը շատ է սիրում ընթերցել: Նրա պահարանի վրա տարբեր գրքեր են: Ոսկերիչ եղբոր մասին պատմող գիրքն է առանձնացնում եւ ցույց տալիս…

Պահարանի վերեւում` պատին փակցրել է իր փայտե փորագրություններից, եւս մեկ արվեստի գործ սենյակի պատշգամբում է: 1988-ի երկրաշարժի զոհերին նվիրված աշխատանքը վարպետ Հարությունն ուղարկելու է ցուցահանդես-վաճառք. 2 ամիս է, ինչ աշխատում է այս գործի վրա: Ասում է` Սանկտ-Պետերբուրգում շատ է մասնակցել ցուցահանդես-վաճառքների, բոլոր գործերն էլ գնել են, տան կահույքն էլ իր ձեռքով է պատրաստել, շատերն են հավանել աշխատանքը:

Հարություն Զարդարյանը պատմում է, որ միջնակարգ կրթությունը ստացել է Լենինականի Խաչատուր Աբովյանի 12-րդ դպրոցում:

«Կինոհոկտեմբերից մինչեւ ավտոկայան արհեստավորների դուքյաններ էին. մանկությունից էդ միջավայրում եմ մեծացել»,-այսպես է վերհիշում մանկության օրերը:

Տարիներ անց Հարություն Զարդարյանը կրթությունը շարունակել է Երեւանի Փ.Թերլեմեզյանի անվան նկարչական դպրոցում, հետո` Լենինգրադում (այժմյան` Սանկտ Պետերբուրգ):

Լենինականում նա աշխատել է տարբեր հիմնարկներում ու արտադրամասերում` կահույքի ֆաբրիկա, հղկող հաստոցներ, Ձիթողցոնց տուն:

«Մենք էն ժամանակ, օր Ձիթողցոնց տունը կձեւավորեինք, օղորմածիկ Դեմիրճյանը ամենից շատ գուքար, սաղ ստեղ` Լեննական էր կենտրոնացված, իսկ հմի սաղ Էրեվան է»,-ասում է վարպետ Հարությունը:

1991 թվականից Հարություն Զարդարյանն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Պյատիգորսկ քաղաքում երկար է մնացել, աշխատել` մասնագիտությամբ: Նա ունի երկու զավակ` մեկ որդի եւ մեկ դուստր: «Էրեխեքը Ռուսաստանի միջավայրին սորվան, երիտասարդ են, հմի ասնավնոյ իրանց համար կաշխատին, կապրին: Լենինականում բան չի մնացել, մի հորաքույր ունիմ ու ընկերներս են, երկրաշարժը սաղին տարավ»,-շարունակում է պատմել:

Վարպետ Հարությունը Ռուսաստանից Գյումրի վերադարձել է կնոջ մահվանից հետո: Ասում է` վերադառնալու պատճառը կարոտն է եղել, տուն-տեղ չի ունեցել եւ խնդրել է բնակվել տուն-ինտերնատում: Արդեն մեկ տարի է` ճանաչված արհեստավորների զավակը` 63-ամյա Հարություն պապն ապրում է Գյումրու տուն-ինտերնատում:

«Ըլը կյանքը մեռած չէ, ինտերնատի տնօրենը գործիքներ է տվել, կսե` վարպետ ջան, աշխատի»,-ասում է վարպետ Հարությունն ու պատշգամբում մատնացույց անում անավարտ գործը:

Անի Մկրտչյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս