Խաղող արտահանողների համար հատուկ ռեժիմ սահմանվեց
«Կառավարությունում գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը: Ասում էին՝ որոշ դեպքերում այն ֆինանսական խնդիրներ կարող է ստեղծել իրենց համար»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերություններին ԱԱՀ-ի վերադարձի խնդրին։
Ներկայում գործող կարգավորումների համաձայն, նշեց վարչապետը, արտադրանքի արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում.
«Մենք հսկողություն ենք սահմանել, այդ կարգապահությունը խիստ պաշտպանվում է»:
Գյուղատնտեսության նախարարին վարչապետը հանձնարարեց ՊԵԿ-ին ներկայացնել խաղող արտահանողների ցուցակը: Իսկ ՊԵԿ նախագահին վարչապետը հանձնարարեց երկօրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ առաջարկություն ներկայացնել խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից ԱԱՀ-ի վերադարձի ավելի կարճ ժամկետներ սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ. «Պարոն Հարությունյան, հատուկ ռեժիմ եք դնում այս մթերման ժամանակահատվածում: Մենք նաև ստեղծել ենք իրենց համար 3%-անոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն անցկացնենք մաքսիմալ արագ ու էֆեկտիվ»։