Երևանում 39-ամյա տղամարդն ավտոմեքենայում սեքսուալ բնույթի ծառայություն մատուցելու համար վիճաբանել է կնոջ հետ, դանակով վնասել նրա մատները…
Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` 39-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել է` տուժողի և ամբաստանյալի հաշտվելու հիմքով։
Դատարանի որոշմամբ` ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը` չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև որոշման օրինական ուժի մեջ մտնելը։
Քրեական գործի նախաքննության ընթացքում 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով այն ենթադրյալ հանցանքները կատարելու համար, որ նա իր կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» ավտոմեքենայում սեքսուալ բնույթի ծառայություն մատուցելու կապակցությամբ վիճաբանել է կնոջ հետ, իսկ վերջինիս ընկերոջ օգնության գալուց հետո մեքենայով դիմել է փախուստի՝ ճանապարհին իր մոտ եղած դանակն ուղղել դեպի կնոջ պարանոցը՝ վերջինիս հասցեին տվել իր մեջ իրական վտանգ ներկայացնող սպանության սպառնալիք, միաժամանակ իր մոտ գտնվող դանակով վնասել է կնոջ աջ ձեռքի մատները՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Ըստ դատական ակտի` դատարան է ստացվել տուժողի և ամբաստանյալի դիմումն այն մասին, որ քրեական գործի շրջանակներում եկել են հաշտության, միմյանց նկատմամբ որևէ պարտք, պահանջ, բողոք չունեն: Ամբաստանյալն ու տուժողը խնդրել են քրեական գործի վարույթը կարճել: Դատական նիստի ընթացքում ամբաստանյալը հայտնել է, որ զղջում է կատարածի համար, դիմումը գրել է ինքնակամ և համաձայն է տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական գործի վարույթի կարճմանը և քրեական հետապնդման դադարեցմանը։
Դատական նիստի ընթացքում տուժողը հայտնել է, որ հաշտվել է ամբաստանյալի հետ, նրանից որևէ պարտք ու պահանջ չունի։
Դատարանն արձանագրել է, որ տուժողի միջնորդությունը և այդ կապակցությամբ ամբաստանյալի դիրքորոշումը վկայում են, որ տուժողն ու ամբաստանյալը հաշտվել են կամավոր և փոխադարձ համաձայնության արդյունքում։ Հետևաբար՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործով վարույթը` կարճման։