Բաժիններ՝

«5-րդ անգամ նախարար եք գալիս, պարոն Մկրտչյան, ու ի՞նչ եք անում». Անահիտ Բախշյանը՝ Կրթության և գիտության նախարարին

«Վայրի ձևով վիրավորում են մանկավարժներին, բայց դրա փոխարեն՝ Կրթության և գիտության նախարարն ինչ-որ «Ուսուցիչ» նախաձեռնության մասին է խոսում, խոսում է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի արմատական փոփոխության մասին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օրերս հանդիպում է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ներկայացրել է «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը.

«Որակյալ ուսուցչին պետք է տանք ազատություն: Այսօր դպրոցը կարողանում է շուրջ 30%-ով իր ընտրությունը կատարել, բայց այդ ընտրությունը չի հասնում ուսուցչին: Ուսուցիչն իրավազրկված է հասարակության մեջ, նաև վատ դրության մեջ է իր բյուրոկրատական վիճակով: Նա պետք է ազատ կարողանա ընտրել իր առարկայի դասավանդման մեթոդիկան, ազատ տնօրինել իր գիտելիքները, կարողանա դասարանին վերաբերվել ոչ թե՝ որպես մեկ գորշ ամբողջության, այլ կարողանա դասակարգել, անհատական ուսուցման մեթոդներ մտցնել»:

Ա. Բախշյանի խոսքով՝ մանկավարժին ծաղրում, նվաստացնում են, բայց ամբիոնից խոսում են նրա նկատմամբ վերաբերմունքն արմատապես փոխելու մասին. «Այդ «ազատություն» բառը, որ ասում են, դա նախարարի բարի կամքի դրսևորում չէ, ինչ որ ինքն ասում է, 6-7 տարի առաջ հանրակրթության մասին օրենքն ամրագրել է, դա իր թույլտվությամբ չպետք է լինի, այլ այդպես պետք է լինի օրենքով, ուսուցչին տրված է այդ ազատությունը, բայց այդ ազատությունը ճիշտ կիրառելու համար պայմաններ են պետք, պայմանները չեն ստեղծում, բայց ասում են՝ գնացեք, ազատ վերցեք, արեք: 5-րդ անգամ նախարար եք գալիս, պարոն Մկրտչյան, ու ի՞նչ եք անում»:

Ինչպես հայտնի է, այս տարվա սեպտեմբեր ամսից 12-ամյա կրթությունը պարտադիր է դառնում: Ա. Բախշյանը նկատեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում իրենք այդ կետն ունեին. «Ի վերջո, փոխեցին օրենքը, որին ես անձամբ կողմնակից եմ: 14-18 տարեկանը պարտադիր պետք է գտնվի կրթության մեջ, իսկ պարտադիր՝ նշանակում է, որ պետությունը պետք է ստանձնի այդ կրթությունն ապահովող, կրթության հավասար հնարավորությունը յուրաքանչյուրին տալու իր պարտականությունը: Բայց հնարավորություն արդյոք ստեղծե՞լ է. բոլորովին: Ո՛չ այլընտրանքային կրթության հնարավորություններ են տրվել, ո՛չ օնլայն կրթության, ո՛չ միջին մասնագիտական ուսումնարանների ցանցն է ավելացել, ո՛չ ավագ դպրոցներն են կայացել: Օրենքն ընդունել են 3 տարի առաջ, մտածում էի՝ 3 տարում մի բան կանեն, կպատրաստվեն, կկազմակերպվեն, պայմանները կստեղծեն, ոչինչ չարվեց, կամ չարվեցին այն քայլերը, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երեխայի համար 12-ամյա կրթություն ստանալու հավասար հնարավորությունն ապահովելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս