Երևանում և մարզերում մի շարք դպրոցներ կօպտիմալացվեն. որոնք են դրանք. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կրթության ոլորտի պատասխանատուները արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երևանում, և թե´ մարզերում:
Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, գործադիրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետևյալ դպրոցները` Երևանի համար 23, 41, 81: Թե դրանք որ հաստատությունների հետ կմիավորվեն, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
Նախատեսվում է, որ Կույրերի երեկոյան դպրոցը կդառնա համար 14 հատուկ դպրոցի մաս: Համար 43 ավագ դպրոցը կմիանա համար 16 ավագ դպրոցին: Համար 149-ը` համար 54-ին:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա Բերդի վարժարանը կդադարի գործել որպես այդպիսին և կմիավորվի Բերդի ավագ դպրոցի հետ, Եղեգնաձորի վարժարանը կմիավորվի նույն քաղաքում գործող ավագ դպրոցին, Վայքի վարժարանը` Վայքի ավագ դպրոցին: Չի բացառվում, որ օպտիմալացում լինի նաև Արթիկում և այստեղ համար 7 դպրոցը միավորվի համար 3-ի հետ:
Երևանի Կենտոնում` Կոնդ թաղամասում գտնվող Շոթա Ռուսթավելու անվան համար 23 հիմնական դպրոցում, ինչպես պարզեցինք ոլորտին վերաբերող փաստաղթային աղբյուրներից, 2015-2016 ուսումնական տարվա դրությամբ սովորել է 69 աշակերտ: Ուսուցիչների ընդհանուր թիվը եղել է 18: Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ այս դպրոցը միավորվի ոչ այնքան մեծ հեռավորության վրա գտնվող Ստ. Շահումյանի անվան համար 1 հիմնական դպրոցին:
Փակվելու ենթակա մյուս հաստատություններից ևս երկուսը` Ալ. Գրիբոյեդովի անվան համար 41 հիմնական և համար 81 միջնակարգ դպրոցները դարձյալ գտնվում են Երևանի կենտրոնում: Ի դեպ, համար 81 դպրոցում էլ սովորողների թիվը 50-60-ի սահմաններում է:»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: