Ալկոհոլիզմի փուլերը
Ցանկացած մարդ ժամանակ առ ժամանակ դեմ չէ 1-2 բաժակ խմել ընկերների հետ, սակայն որոշ մարդկանց համար ծանր օրվանից հետո մի փոքր թուլանալու սովորությունը դառնում է լուրջ քրոնիկական խնդիր, ինչի առաջին նշաններն են գիտակցության ժամանակավոր մթագնումն ու բացասական էմոցիաների արտամղումը: Ալկոհոլիզմը սպիրտային խմիչքների անընդհատ օգտագործում պահանջող հիվանդություն է: Օրեցօր ալկոհոլից կախվածություն ունեցող մարդը մի քիչ էլ ավելի խմելու ցանկություն է ունենում, որպեսզի հարբածություն զգա, որովհետև նրա համար դժվար է ժամանակին կանգ առնելը:
Հոգեբանական կախվածությունից զատ, շատ արագ զարգանում է նաև ֆիզիոլոգիական կախվածությունը. Օրգանիզմը տառացիորեն պահանջում է ալկոհոլ, իսկ դա հղի է ընտանիքում, հասարակության մեջ և աշխատավայրում կոնֆլիկտային իրավիճակների ստեղծմամբ: Ալկոհոլի չափից ավելի օգտագործումն ուղեկցվում է առողջական վիճակի ընդհանուր վատացմամբ և պատճառ է հանդիսանում բազմաթիվ, այդ թվում՝ նաև ուռուցքաբանական և լյարդի հիվանդությունների ի հայտ գալուն: Բացի դրանից, ալկոհոլային խմիչքներն էականորեն բարձրացնում են վնասվածքներ ստանալու հավանականությունը, ինչպես նաև մարդկանց կարող է դրդել սպանությունների և ինքնասպանությունների: Բժիշկների գնահատականներով, ալկոհոլի կանոնավոր օգտագործումը կյանքի միջին տևողությունը կրճատում է միջինը 10-12 տարով:
Ալկոհոլիզմի փուլերը
1. Էմոցիոնալ բաղկացուցիչը: Սա կախվածություն ունեցող մարդու զգայական արձագանքն է՝ ըստ իրավիճակի աստիճանական խորացման: Այն ենթադրում 4 փուլ`
ա. Մարդն էյֆորիայի մեջ է ընկնում` 1-2 գավաթ կոկտեյլ խմելով: Դրանք բարձրացնում են տրամադրությունը և թույլ տալիս շեղվել ամենօրյա հոգսերից; Կախված շրջապատից` ալկոհոլի հետ առաջին ծանոթությունը կարող է պատահել երիտասարդ տարիքում և այդ փուլում լուրջ հետևանքներով չի սպառնում:
բ. Այս փուլում մարդիկ գիտակցաբար գնում են դեպի ալկոհոլը, որպեսզի զգան հենց այն նույն թեթևության զգացումը: Ընդ որում, զգայական թուլացման հասնելու համար պահանջվում է փոքր-ինչ ավելի չափաբաժին, ինչը ստիպում է նախապատվությունը տալ ավելի թունդ խմիչքների: Սակայն սա ևս դեռ կախվածության նշան չէ:
գ. Այս փուլում ալկոհոլի առավել հաճախ օգտագործումը, դրա քանակի ավելացումը սադրում է ֆիզիոլոգիական և սոցիալական հետևանքներ սովորական առավոտյան խումհարից՝ մինչև սկանդալներ ընտանիքում և կոնֆլիկտներ աշխատավայրում:դ. Այս փուլում մարդն արդեն ստիպված է անընդհատ խմել, որ իրեն լավ զգա: Ընդ որում, ալկոհոլը մասնակիորեն կամ ամբողջովին բթացնում է մեղքի, ամոթի, իր արարքների համար պատասխանատվության զգացումը, որոնք անտեղի արթնանում են սթափ վիճակում եղած ժամանակ:
2. Ֆիզիկական բաղկացուցիչը: Սա դիտարկում է հիվանդության զարգացման 3 փուլերը:
ա. Ադապտացիա կամ հարմարվելու փուլ: Խմիչքի քանակի աստիճանական ավելացումը և ավելի թունդ խմիչքներին անցնելը խթանում է օրգանիզմ սպիրտի անընդհատ հոսքի հանդեպ հարմարվողականություն: Դրա հետ միասին, շատերը սխալմամբ ենթադրում են, որ նրանք կարող են իրենց ավելին թույլ տալ անհատական հատկանիշների, այլ ոչ թե՝ ֆիզիոլոգիական փոփոխությունների հաշվին:
բ. Կախվածություն: Այս փուլը սովորաբար ուղեկցվում է ծանր խումհարային սինդրոմով` սրտխառնուքով, բարձր քրտնարտադրությամբ, երբեմն՝ ցնցումներով և հալյուցինացիաներով: Այդ ժամանակ կարող է հայտնվել «նմանը նմանով բուժելու» սովորություն: Ինչպես նաև՝ կախվածություն ունեցող մարդը կարող է փորձել շրջապատից թաքցնել իր խնդիրը, բայց ոչ թե ալկոհոլից հրաժարվելով, այլ շարունակելով խմել տանը:
գ. Առողջական վիճակի վատթարացում: Այս փուլում արդեն ալկոհոլի տևական օգտագործումը տառացիորեն բոլոր օրգան-համակարգերին անդառնալի վնաս է պատճառում, իսկ նրանց կառուցվածքում որոշ պաթոլոգիկ փոփոխություններ ոչ հազվադեպ հանգեցնում են մահվան:
Ալկոհոլի հարուցած լյարդի հիվանդություններ
Խմելուց տուժող առաջին օրգանը լյարդն է, բնական ֆիլտր, ինչն ամեն ինչ իր միջով է անցկացնում: Ալկոհոլի յուրաքանչյուր բաժակի հետ բջիջների մի մասը մեռնում է, իսկ ռեգեներատիվ պրոցեսը շատ դանդաղ է ընթանում: Այսպես զարգանում է լյարդի քրոնիկական վնասվածությունը: Ամենահետաքրքիրն այն է, որ հիվանդությունների մեծամասնությունը նախնական շրջանում գործնականում առանց նշանների է, սակայն օրգանի լուրջ վնասվածքի դեպքում չնկատել կամ արհամարհել ահազանգերը պարզապես անհնար է: Կարող է դեղնել աչքերի շրջանի մաշկի նուրբ հատվածը, սրտխառնուք լինել, ավելորդ քաշի խնդիր, այտուց, փսխուքի մեջ արյան հետքեր, և այլն:Լյարդի վնասվելու պրոցեսը նույնպես կարելի է բաժանել փուլերի`
1. Օրգանի ճարպակալում: Ալկոհոլի մեծ քանակի օգտագործումը հանգեցնում է ճարպերի կուտակման: Սկզբնական շրջանում դրանք կուտակվում են լյարդի մակերեսին, իսկ ավելի ուշ սկսում են լցնել մեռած բջիջների հատվածները` մտնելով դրանց մեջ: Հիվանդությունն արտահայտված նշաններ չունի, և, եթե դադարեցնեք խմելը, մի քանի շաբաթ հետո արդեն կարող եք անցնել ռեմիսիայի կամ հանգստի փուլ:
2. Հեպատիտ: Ալկոհոլային հեպատիտը լյարդի քրոնիկական բորբոքումն է, որն առաջանում է ալկոհոլի անընդհատ օգտագործումից: Սխալ է կարծել, որ հիվանդությունը սպառնում է միայն անընդհատ խմող մարդկանց. Այն կարող է զարգանալ նաև ոչ հաճախ խմող մարդկանց մոտ: Միայն ալկոհոլից իսպառ հրաժարվելը կարող է շտկել իրավիճակը:
3. Ցիռոզ: Սա լյարդի ալկոհոլային հիվանդացության ավարտական փուլն է, որի ժամանակ օրգանի հյուսվածքները սկսում են կամայականորեն սպիանալ` ամբողջությամբ մեռնելով: Պետք է հիշել, որ ցիռոզը կարող է իր մասին ընդհանրապես զգացնել չտալ մինչև այն շրջանը, երբ փոխպատվաստումն անխուսափելի է:
Եվ այսպես: Ունե՞ք արդյոք ալկոհոլի հետ կապված խնդիրներ: Այս հարցին կարող եք բացարձակ ճիշտ և ազնվորեն պատասխանել միայն Դուք: Մտածեք, վերհիշեք: Ձեր ընկերները երբևէ Ձեզ ասե՞լ են, որ երբեմն չափից շատ եք խմում: Աշխատանքի կամ այլ կարևոր գործերով երբևէ գնացե՞լ եք խումհարի վիճակում: Փորձե՞լ եք որպես խումհարից դուրս գալու միջոց՝ ընտրել առավոտյան մի բաժակ խմիչքը: Ալկոհոլի օգտագործումից հետո` առավոտյան, արթնացե՞լ եք արդյոք մեղքի կամ Ձեր արարքների համար ամոթի զգացումով: Եթե այս հարցերից գոնե 2-ի պատասխանը դրական է, արժե լրջորեն մտածել այն մասին, թե ինչ եք անում Դուք Ձեր կյանքի հետ, և ինչպես այն փոխել դեպի լավը:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը