Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը 2017-ին աստղաբաշխական ժառանգություն է ստացել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրենը, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:

Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան և LEXUS LX 570 մակնիշի մարդատար ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել այս տարի, քանի որ նրա նախորդ հայտարարագրերում այդ շարժական եւ անշարժ գույքի մասին տեղեկություններ չկան:

Գեղարքունիքի մարզպետի հաշվին առկա է 40 մլն-ից ավելի ՀՀ դրամ: Բավականին վերջերս՝ ըստ հայտարարագրի, Բոթոյանը 30 մլն-ի ժառանգություն է ստացել: Վերջինիս եկամուտներն այս տարի կազմել են 32 մլն ՀՀ դրամ:

Պարզվում է, որ Կարեն Բոթոյանը նախանձելի ժառանգորդ է: Բացի այն, որ նա մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրած հայտարարագրում ներկայացրել է իր 30 մլն ժառանգությունը, նաեւ 2017 թվականի փետրվարի 2-ին ներկայացնելով մեկ այլ հայտարարագիր, որպես ԱԺ պատգամավոր, կրկին եկամուտների շարքում նշել է նվիրատվություն ստանալու մասին: Այս անգամ Բոթոյանին ժառանգել են 98 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Կարեն Բոթոյանը շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժի» փեսան է: Բոթոյանն ԱԺ այն պատգամավորներից է, որ պատգամավորական գործունեության ընթացքում երբևէ չի մոտեցել Աժ ամբիոնին ու որեւէ բառ չի ասել: ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանը նախկին ՕԵԿ-ական է և պատգամավոր ընտրվել էր հենց այս կուսակցությունով: Բոթոյանն այն ժամանակ լքեց ՕԵԿ-ը, երբ վերջինս ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս